Ռուսաստանում առաջարկել են պատիժ սահմանել ձրիակերության համար

Անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի դաշնային նախագծի ղեկավար Վիտալի Բորոդինը, որը հայտնի է ռուսաստանցիների դեմ դատապարտող գրություններով, առաջարկել է պատժել ձրիակեր քաղաքացիներին։ Համապատասխան դիմումը նա հղել է Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին։ Նա առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել «հանրօգուտ աշխատանքից խուսափելու» համար և սահմանել պատիժ՝ ընդհուպ մինչև մեկ տարի ժամկետով ազատազրկում։


Հիմնավորելով նման միջոցի անհրաժեշտությունը՝ Բորոդինը հղում է անում աշխատաշուկայում կադրերի պակասին, անօրինական միգրացիայի հետ կապված հանցավորության աճին, ինչպես նաև շարունակվող ժողովրդագրական խնդիրներին։ Դիմումի մեջ առաջարկվում է պատժել գործազրկության համար այն պայմանով, որ զբաղվածության ծառայությունը մարդուն աշխատանքի տեղավորման տարբերակներ է տրամադրել, իսկ նա չունի չաշխատելու հարգելի պատճառներ։ Փաստաթղթում հստակեցվում է, որ ռուսաստանցիներին, բացի ազատազրկումից, կարող են պատժել նաև մինչև 360 ժամվա պարտադիր աշխատանքով, մինչև երկու տարի ժամկետով ուղղիչ աշխատանքով կամ մինչև մեկ տարի ժամկետով հարկադիր աշխատանքով։

Քաղաքականություն