Զինծառայողը կառավարությանը սպառնացել է Ադրբեջանի վրա հարձակվել, եթե իրեն չդարձնեն ծրագրի շահառու․ մանրամասներ

Ս․թ հոկտեմբերի 27-ին Սյունիքի մարզի Սիսիանի կայազորի զինվորական դատախազությունում քրեական գործ է հարուցվել ժամկետային զինծառայողի նկատմամբ։ Վերջինս զանգահարել է ՀՀ վարչապետի աշխատակազմ և սպառնացել, որ եթե կարճ ժամկետում իրեն չդարձնեն «Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը և կարգը հաստատելու մասին» որոշմամբ սահմանված ծրագրի շահառու, ապա մարտական դիրքից կհարձակվի Ադրբեջանի վրա՝ «վերջ դնելով խաղաղությանը»։ Այս մասին հայտնում է iravaban.net-ը։


Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն


Շ․Ա․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Թիվ զորամասի հրաձգային դասակի հրամանատար, կոչումով լեյտենանտ, ընդգրկված լինելով Թիվ զորամասի պահպանության տեղամասի թիվ մարտական դիրքում մարտական հերթապահության՝ որպես դիրքի ավագ, 2025թ․-ի հոկտեմբերի 17-ին՝ ժամը 16։59-ին, համածառայակցի բջջային՝ 077xxxxxx համարով զանգահարել է ՀՀ Վարչապետի աշխատակազմի՝ դիմումների քննարկման,քաղաքացիների հետադարձ կապի մշտադիտարկման և գնահատման վարչության հետադարձ կապի մշտադիտարկման և գնահատման բաժնի՝ 117 թեժ գիծ, ֆինանսական խնդիրները լուծելու՝ իրեն ՀՀ Կառավարության՝ 12․12․2024թ․-ի թիվ 1990-Լ «Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը և կարգը հաստատելու մասին» որոշմամբ սահմանված ծրագրի շահառու դարձնելու հարցը մինչև հաջորդ օրը լուծելու պահանջ է ներկայացրել հանրային իշխանության ներկայացուցչին, հակառակ դեպքում՝ իրական սպառնալիք տվել՝ կատարել այլ հանրավտանգ արարք, այն է՝ մարտական դիրքից հարձակվել Ադրբեջանի Հանրապետության վրա, որը զուգորդվել է այլ ծանր հետևանք առաջացնելու՝ երկու երկրների միջև սահմանային լարվածություն ստեղծելու, խաղաղությանը վերջ դնելու վտանգով։


Մեղադրյալին խափանման միջոց կիրառվել է կալանք։


Հոկտեմբերի 29-ին դատարանը որոշում է կայացրել քրեական վարույթը ստանձնելու և նախնական դատալսումներ նշանակելու մասին։


Առաջին նախնական դատական նիստը կայացել է ս․թ․ նոյեմբերի 10-ին։


Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Քաղաքականություն