Եվրոպայի առաջին ռոբոտ-խոհարարը ժամում 120 ուտեստ է սարքում
Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքի REWE սուպերմարկետի հաճախորդներն այժմ ականատեսն են մի բանի, ինչը կարելի է անվանել մթերային մանրածախ առևտրի ապագան, գրում է Interesting Engineering-ը:
Լիովին ինքնավար խոհանոցը գործում է անմիջապես վաճառքի սրահում՝ թարմ ուտեստներ սարքելով առանց մարդու միջամտության: Մյունխենում տեղակայված Circus SE-ն այնտեղ տեղադրել է իր CA-1 Series 4 համակարգը՝ աշխարհի առաջին խոհանոցը, որտեղ խոհարարությունը լիովին ավտոմատացված է արհեստական բանականության օգնությամբ։
Թափանցիկ ապակե կառույցում տեղավորված կոմպակտ խոհանոցը կատարում է պատրաստման բոլոր քայլերը՝ սկսած բաղադրիչների ընտրությունից մինչև պատրաստի ուտեստը և սարքավորումների հետագա մաքրումը: Համակարգը կառավարվում է Circus-ի սեփական արհեստական բանականության հարթակով և զգալի առաջընթաց է մանրածախ և խոհարարական ծառայությունների ավտոմատացման մեջ։
Հաճախորդներն այժմ կարող են ռեստորանային որակի սնունդ պատվիրել անմիջապես խանութում: Բաժինները սկսվում են վեց եվրոյից, իսկ պատրաստման գործընթացը տևում է ընդամենը մի քանի րոպե: Մշակողների խոսքով՝ ռոբոտը կարող է ժամում սարքել մինչև 120 ուտեստ՝ ապահովելով կայուն որակ և առանց ընդմիջումների անհրաժեշտության։
«Մենք արդյունավետությունը համատեղում ենք հաճույքի հետ՝ գնումները վերածելով ապագայի փորձի»,- ասում է REWE Արևմտյան տարածաշրջանի խորհրդի նախագահ Լարս Քլեյնը: CA-1-ի նոր տարբերակն ավելի թեթև և արագ է, քան նախորդները. ինժեներները քաշը կրճատել են գրեթե 450 կիլոգրամով, համակարգը հագեցրել են մագնիսական բռնակներով և բարելավել են ինդուկցիոն ջեռուցման համակարգը, որպեսզի այն ճշգրիտ ազդի անհրաժեշտ հատվածի վրա։
Սենսորները հայտնաբերում են ուտեստի տեսակը և ավտոմատ կերպով կարգավորում խառնման արագությունը: Պատվերների միջև ընկած ժամանակահատվածում ռոբոտը ինքնուրույն լվանում և ախտահանում է սպասքը՝ ներկառուցված աման լվացող մեքենայով: Բոլոր գործողությունները տեղի են ունենում թափանցիկ վահանակի հետևում. երկու մեխանիկական «խոհարարներ» շարժվում են համաժամանակ՝ խառնելով, համեմելով և մատուցելով ուտեստները՝ գործնականում առանց մարդու միջամտության։
Circus-ի համագործակցությունը REWE-ի՝ ավելի քան 16 հազար խանութ ունեցող գերմանական ցանցի հետ, վերջինիս դնում է սննդի սպասարկման ավտոմատացման առաջատար դիրքում: Circus-ը կառավարում է ռոբոտներին, REWE-ն՝ մանրածախ տարածքը և ենթակառուցվածքները. երկու կողմն էլ նախագիծը մասշտաբային է համարում։
Համակարգն օգտագործում է կանխատեսման ալգորիթմներ՝ պատրաստելու համար միայն այն, ինչ իրականում անհրաժեշտ է, ինչը նպաստում է սննդի թափոնների կրճատմանը։ Սնունդը կարելի է պատվիրել սենսորային էկրանի կամ ձայնային ազդանշանի միջոցով։
Նախատեսված երեք վայրերից առաջինը բացվել է Դյուսելդորֆում, սակայն ցանցն արդեն կառուցում է հաջորդը։ Ընկերությունը նաև դիտարկում է այլ վայրեր, որոնց թվում՝ համալսարաններ, հիվանդանոցներ և գործարաններ, և համագործակցում է ուկրաինական BRAVE1 ծրագրի հետ՝ փորձարկելով ինքնավար դաշտային խոհանոց զինվորականների համար։





























