Որդուս փոխարեն ես կարձագանքեմ. Արթուր Վանեցյանը հերքել է լուրերը
«Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը հերքել է իր որդուն վերագրվող տեղեկությունները:
«Մշտապես ճիշտ եմ համարել չարձագանքել ֆեյք կայքերով կամ սոցիալական էջերով իմ և ընտանիքիս հասցեին հրապարակվող կեղծիքներին և զազրախոսություններին՝ համարելով դրանք ուշադրության ոչ արժանի մեդիա-կենդանիների հրապարակային ապականություններ։
Այնուամենայնիվ, մերթընդմերթ ստիպված եմ անդրադառնալ դրանց՝ մեր հասարակության անգամ մի քանի անդամի մտքում կասկածներ կամ իմ չպատասխանելու հետևանքով առաջացող լրատվական-կեղտային նստվածք չթողնելու համար։
Այս անգամ էլ տղմասեր դուրսպրծուկների մեդիա աշխարհում հերթը տղայինս էր։
Քանի որ տղաս՝ Արտյոմը, քաղաքական-հանրային հրապարակումներով հանդես չի գալիս՝ իր փոխարեն ես կարձագանքեմ այս անպատասխանատու, կեղծ և անբարո հրապարակմանը»:
Արտյոմը ոչ միայն չի եղել նշված ակումբում, այլև առհասարակ զենք չունի, էլ չեմ խոսում կրակոցներ արձակելու մասին։
Նման զրոյական իրականություն ենթադրող ստահոդ լուրեր տարածողները կամ հոգեպես առողջ չեն, կամ բացարձակ անբարոյական են, կամ՝ երկուսը միասին։
Եթե երես ունենայիք՝ նման բաները տարածելուց անդրաշխարհում չէիք թաքնվի»,- գրել է նա։





























