Հայաստանը կարևորում է ԵԱՏՄ արտաքին տնտեսական հարաբերությունների աշխարհագրության ընդլայնումը․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Նախ տեղի է ունեցել միջկառավարական խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստը:
Ընդլայնված կազմով նիստին բացի ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարներից մասնակցել է նաև ԵԱՏՄ-ում դիտորդ երկրի կարգավիճակ ունեցող Ուզբեկստանի վարչապետ Աբդուլլա Արիպովը:
Վարչապետ Փաշինյանն ընդլայնված կազմով նիստում հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշված է.
«Եվրասիական միջկառավարական խորհրդի հարգելի՛ անդամներ,
Հանդիպման հարգելի՛ մասնակիցներ,
Ուրախ եմ ողջունել ձեզ Եվրասիական միջկառավարական խորհրդի այս տարվա եզրափակիչ նիստին։ Նախևառաջ, ցանկանում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության Կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինին՝ հյուրընկալության և այսօրվա նիստի գերազանց կազմակերպման համար։ Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել նախագահող բելառուսական կողմին` կատարված աշխատանքի համար և մաղթում եմ Ղազախստանի Հանրապետությանը հաջող նախագահություն հաջորդ տարում։ Հարգելի՛ գործընկերներ, Հայաստանի Հանրապետությունը կարևորում է ԵԱՏՄ արտաքին տնտեսական հարաբերությունների աշխարհագրության ընդլայնումը՝ այն դիտարկելով որպես համաշխարհային տնտեսությունում կազմակերպության դերի հետագա ամրապնդման հիմնական գործոն։
Ազատ առևտրի մասին նոր համաձայնագրերի կնքումը ոչ միայն ակտիվացնում է երկխոսությունը, այլև նպաստում է ԵԱՏՄ մրցունակության բարձրացմանը՝ մեր երկրների համար բացելով տնտեսական աճի նոր հնարավորություններ։ Տնտեսական համագործակցության ևս մեկ կարևոր բաղադրիչ է նաև տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտը։ Տրանսպորտային ենթակառուցվածքների դիվերսիֆիկացիան կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ առևտրաշրջանառության աճի համար: Այս համատեքստում, կցանկանայի նշել, որ տարածաշրջանում տեղի ունեցող դրական փոփոխությունները բացում են տնտեսական համագործակցության խորացման նոր հնարավորություններ, և տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը կարող է կարևոր գործոն դառնալ տարածաշրջանային կապերի ընդլայնման և տարածաշրջանի բոլոր երկրների տնտեսական կայունության ամրապնդման գործում։ Այս կապակցությամբ ցանկանում եմ ողջունել Ադրբեջանի Հանրապետության նախագահի որոշումը՝ Ադրբեջանի տարածքով Հայաստան ուղարկվող ապրանքների տարանցումն ապաշրջափակելու վերաբերյալ։ Սա մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման շրջանակներում ձեռք բերված կարևոր նվաճումներից մեկն է։
Հանդիպման հարգելի՛ մասնակիցներ,
Ընդհանուր էներգետիկ շուկաների ձևավորումը կարևոր նախապայման է ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների համար հավասար և կանխատեսելի պայմաններ ապահովելու գործում։ Անհրաժեշտ է հետևողականորեն շարժվել դեպի բոլոր կողմերի արդյունավետ փոխազդեցությունը, թափանցիկությունը և շահերի հավասարակշռությունն ապահովող լիարժեք գործունակ ընդհանուր շուկաների ստեղծումը։ Միևնույն ժամանակ, առանձնահատուկ կարևորություն է ստանում ԵԱՏՄ անդամ պետությունների համար ներքին մատակարարումը երրորդ երկրներ արտահանմանը գերադասելը և այս սկզբունքի իրականացման միասնական մոտեցումներ մշակելը։ Համաշխարհային պարենային շուկաների բարձր անկայունության պայմաններում ԵԱՏՄ երկրների գյուղատնտեսական համակարգերի կայունությունն առանձնահատուկ կարևոր է տնտեսական կայունության ապահովման համար։ Կոնկրետ արդյունքների հասնելն ուղղակիորեն կախված է համաձայնեցված գործնական միջոցառումների իրականացումից, ներառյալ՝ նորարարությունների համակարգված ներդրումը, թվային վերափոխումը, ինչպես նաև համատեղ արդյունաբերական և ագրոարդյունաբերական կոոպերացիոն նախագծերի համար արդյունավետ ֆինանսական աջակցության մեխանիզմների ստեղծումն ու մշակումը։
ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման ճանապարհային քարտեզի իրականացման համատեքստում կարծում ենք, որ նպատակահարմար է հետագա փուլերում կենտրոնանալ թվային լուծումների հետևողական ներդրման վրա՝ ապահովելով անդամ-պետությունների կողմից օգտագործվող տեխնոլոգիական մոտեցումների համատեղելիությունը։ Սա կնպաստի էլեկտրոնային առևտրի գործընթացների պարզեցմանը և թվային միջավայրի կայուն զարգացմանը։ Թվայնացման շրջանակներում կարևորում ենք տարբեր, այդ թվում՝ մաքսային և տրանսպորտային ոլորտների թվային վերափոխմանը նպաստող նախաձեռնությունների իրականացումը։ Միևնույն ժամանակ, կիբերանվտանգության ոլորտում առաջնահերթություն պետք է տրվի տեղեկատվության պաշտպանության համատեղ մեխանիզմների ստեղծմանը, կարևորագույն ենթակառուցվածքների դիմադրողականության բարձրացմանը և կիբերսպառնալիքներին արձագանքելու ստանդարտների և մեթոդաբանությունների մշակմանը։
Նման համապարփակ մոտեցումը կնպաստի վստահության ձևավորմանը, թվային միջավայրի անվտանգության բարձրացմանը և գործընթացների անվտանգ և արդյունավետ գործունեության ապահովմանը։Ամփոփելով՝ թույլ տվեք ևս մեկ անգամ հաստատել փոխշահավետ համագործակցության Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը։ Շնորհակալություն ուշադրության համար»։ Հաջորդիվ կառավարությունների ղեկավարները ստորագրել են ընդունված որոշումների արձանագրությունները:





























