Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ
Նախագահական նստավայրում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին հայտնում է նախագահի ֆեյսբուքյան էջը։ «Պարո'ն վարչապետ, ուրախ եմ Ձեզ կրկին տեսնել: Մեր ավանդական հանդիպումները շարունակվում են: Զրույցը սկսելուց առաջ ուզում եմ շնորհավորել Ձեզ, որովհետև լսել եմ, որ շատ հաջող էր Ձեր այցելությունը Իրանի Իսլամական Հանրապետություն: Ուրախ կլինեմ լսել այդ այցի մանրամասները: Բոլոր դեպքերում, այն արձագանքները, որ լսել եմ՝ և՛ երկրի ներսում, և՛ դրսի որոշ բարեկամներից, դրական են եղել»,-ասել է նախագահ Արմեն Սարգսյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշել է․ «Շնորհակալ եմ, պարո՛ն նախագահ: Այո՛, մեր այս աշխատանքային հանդիպումները պարբերական բնույթ են կրում, և շատ կարևոր է, որ մենք պարբերաբար կիսենք այն տեղեկատվությունը, որը կուտակվում է մեր տարբեր շփումների, աշխատանքային գործունեության ընթացքում: Եվ, իհարկե, քննարկենք առաջիկա անելիքները: Այո՛, Իրանի Իսլամական Հանրապետություն տեղի ուենցած այցը շատ կարևոր եմ համարում և շատ հաջողված: Նաև երկուշաբթի օրը պատրաստվում եմ պաշտոնական այցով մեկնել Բրյուսել՝ Եվրամիության մեր գործընկերների հետ քննարկելու հետագա անելիքները: Առաջիկայում արտաքին քաղաքական հարուստ օրակարգ ունենք: Նաև այս տարի Եվրասիական տնտեսական միությունում նախագահում ենք, և միջկառավարական խորհրդի նիստերից մեկը տեղի կունենա Երևանում: Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստերից մեկը ևս տեղի կունենա Երևանում: Այս ողջ արտաքին քաղաքական օրակարգն, իհարկե, կարևոր է նաև ծառայեցնել մեր տնտեսական հեղափոխության նպատակներին: Տեղյակ եմ, որ Դուք էլ այս ընթացքում որոշ հանդիպումներ եք ունեցել, որոնք տեղավորվում են այս տրամաբանության մեջ: Եվ նաև կարևոր է այդ տեղեկատվությունները համադրել, որպեսզի պայմանավորվածությունների հետագա իրագործումը դառնա առավել արդյունավետ», - ասել է վարչապետը: Նախագահ Արմեն Սարգսյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանին, ասել է․ «Ես էլ, պարո՛ն վարչապետ, Ձեզ հետ խոսելու շատ բան ունեմ: Իհարկե, Դուք տեղյակ եք, բայց կուզեմ լրացուցիչ մանրամասներ կիսել Ձեզ հետ հատկապես իմ վերջին երկու այցելությունների մասին. մեկը Ֆրանսիա, որտեղ տեղի ունեցավ Հայկական բարեգործական ընդհանուր միության 90-րդ լիագումար ժողովը, որին ես մասնակցեցի, և որի ընթացքում կազմակերպությունում որոշակի կառուցվածքային փոփոխություններ տեղի ունեցան: Բարեգործական միությունը մեր ազգային, Սփյուռքի կարևորագույն կազմակերպություններից մեկն է: Այդ ընթացքում Փարիզում, իհարկե, կրկին հանդիպումներ ունեցա այն շրջանակում, որի մասին մենք բավական երկար ժամանակ խոսում ենք միմյանց հետ՝ աջակցելու Հայաստանի տնտեսական զարգացմանը, նոր տեխնոլոգիաներին: Հանդիպումներ եղան ֆրանսիական շատ մեծ ընկերությունների հետ՝ Thales, Dassault, և այլն: Հաջորդն իմ այցելությունն էր Մյունխեն՝ անվտանգության համաժողովին, որի ընթացքում, ինչպես տեղյակ եք, մի շարք քաղաքական հանդիպումներ տեղի ունեցան: Դրանցից բացի, հանդիպումներ ունեցա նաև Հայդելբերգի համալսարանում, Մյունխենի տեխնիկական համալսարանում, Max Planck-ի ինստիտուտում: Այս հանդիպումները ևս ուղղված են՝ Հայաստանը դարձնելու ժամանակակից տեխնոլոգիաների երկիր և նպաստելու մեր երկրի տնտեսական արագ աճին: Այնպես որ, խոսելու շատ բան ունենք»:

Պատահարներ