Մոսկվայում միգրանտների աշխատանքային արտոնագրերի սակագները կհասնեն մոտ 47 հազար դրամի
Մոսկվայում միգրանտների աշխատանքային արտոնագրերի ամսական արժեքը 2026 թվականին 8,9 հազար ռուբլուց կաճի մինչև 10 հազար ռուբլի: Նման որոշում է կայացվել Մոսկվայի Քաղաքային դումայի արտահերթ լիագումար նիստում:
Հոկտեմբերի 31-ին Մոսկվայի քաղաքային դումայի տնտեսական և սոցիալական քաղաքականության հարցերի հանձնաժողովը քննարկել է «Հարկման ոլորտում Մոսկվա քաղաքի որոշ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Նախագծի կետերից մեկը օտարերկրյա քաղաքացիների համար աշխատանքային արտոնագրերի արժեքի բարձրացման հարցն է եղել։
«Եվ վերջինը՝ օտարերկրյա քաղաքացիների համար արտոնագրի արժեքի 2026 թվականի ինդեքսավորումը․․․ Մենք ամեն տարի վերանայում ենք տարածաշրջանային գործակցի չափը այնպես, որ արտոնագրային վճարը արտացոլի Մոսկվայում միջին աշխատավարձի փոփոխությունները: Այս տարի առաջարկվում է տարածաշրջանային գործակիցը սահմանել այնպես, որ արտոնագիրն ամսական 8,9 հազար ռուբլուց հասնի 10 հազար ռուբլու»,-ասել է Մոսկվայի տնտեսական քաղաքականության և զարգացման դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Դարյա Մուրչենկոն։
Նրա խոսքով՝ աշխատանքային արտոնագրի արժեքի բարձրացումը կնպաստի, որ միգրանտների հարկային բեռը հավասարվի Ռուսաստանի քաղաքացիների հարկային բեռին։





























