ԱՊՊԱ-ի ազատականացումից հետո վարորդները դժգոհում են սակագների աճից
2023թ․ ապրիլի 1-ից Հայաստանում ավտոմոբիլային պարտադիր պատասխանատվության ապահովագրությունը (ԱՊՊԱ) անցել է ազատականացված սակագների համակարգի։ Այդ ժամանակ Կենտրոնական բանկը (ԿԲ) քայլը ներկայացրել էր որպես միջոց՝ նպաստելու ապահովագրավճարների նվազմանը և շուկայի մրցունակության բարձրացմանը։
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը դեռ 2023թ․ մարտին նշել էր, որ եթե ավտոսեփականատերերը ընտրեն նվազագույն առաջարկվող սակագները, ապա 56%-ի համար գները կնվազեն, 21%-ի համար գրեթե չեն փոխվի, իսկ 23%-ի համար՝ կբարձրանան։
Սակայն վերջին շրջանում վարորդները հաճախ են դժգոհում, որ ապահովագրավճարները զգալիորեն աճել են։ Քաղաքացիներից մեկը Radar Armenia-ին պատմել է, որ 2023թ․ իր մեքենայի ապահովագրությունը արժեցել է 28 հազար դրամ, 2024թ․՝ 34 հազար, իսկ այս տարի արդեն՝ 39 հազար դրամ։ Նրա խոսքով՝ սա համեմատաբար մատչելի տարբերակն է, քանի որ այլ ապահովագրական ընկերություններ առաջարկել են 50 հազար դրամից բարձր գներ։
Կենտրոնական բանկը արձագանքել է, որ սակագների ազատականացումը եղել է համակարգի զարգացման տրամաբանական փուլ՝ նպատակ ունենալով ապահովել արդար գնագոյացում՝ յուրաքանչյուր ապահովադրի ռիսկին համապատասխան։
ԿԲ-ի պարզաբանմամբ՝ ազատականացված համակարգում գործում են անհատականացված մոտեցումներ, որոնք հաշվի են առնում վարորդի վարքագիծը և ապահովագրական պատմությունը։ Այդ պատճառով որոշ վարորդների համար սակագները աճել են, իսկ որոշների՝ նվազել։
«Ազատականացված համակարգը ենթադրում է արդար գնագոյացում․ սակագները ֆիքսված չեն և կարող են ինչպես աճել, այնպես էլ նվազել։ Ապրիլից հետո դիտվել է ապահովագրավճարների միջին մեծության նվազում, սակայն հաջորդ տարի՝ աճ»,- նշել են ԿԲ-ից։
Բանկից նաև տեղեկացրել են, որ 2025թ․ սեպտեմբերի 30-ի դրությամբ ապահովագրավճարների միջին մեծության աճին զուգահեռ ավելացել են նաև միջին հատուցումները։
ԱՊՊԱ համակարգում շարունակում է գործել նաև Բոնուս-Մալուս մեխանիզմը, որի համաձայն՝ վարորդների սակագները ձևավորվում են ըստ նրանց ապահովագրական պատմության․ վթարների բացակայության դեպքում տրամադրվում է բոնուս, իսկ վթարների դեպքում՝ մալուս, որը կարող է բարձրացնել ապահովագրավճարը։





























