Նոր փոփոխություններ բենզալցակայանների հետ կապված

Հայաստանում 2026թ հունվարի 1-ից սահմանվում է նոր պահանջ, ըստ որի՝ նախկինում կառուցված և ներկայումս շահագործվող բոլոր բենզալցակայանները վերազինման և վերակառուցման միջոցով իրենց օբյեկտները պետք է համապատասխանեցնեն ընդունված նոր տեխնիկական անվտանգության պահանջներին: Այս մասին ԱԺ-ում հայտնել է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի հարցին:


Արուսյակ Մանավազյանը նկատեց՝ բենզլացակայնները տեղադրված են Երևանում հենց մայթերի վրա, մոտակա շինությունների համար հնարավոր բոլոր վտանգները կան: Նա հետաքրքրվեց, թե համապատասխան օրենքում փոփոխությունից հետո ի՞նչ արդյունքներ կան:


Մանավազյանը նշել է, որ փոփոխությունները շատ մեծ են:


«Տեսչական մարմնի կողմից նախորդ ժամանակահատվածում կասեցվել է 276 բենզալցակայանի գործունեություն, որից 71-ը գործընկեր գերատեսչությունների հետ համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում ապամոնտաժվել է: Եթե այս ցուցանիշը համեմատենք դրան նախորդող 30 տարիների կատարած աշխատանքի ցուցանիշի հետ, ապա հստակ կպատկերացնենք աշխատանքի ծավալի մեծությունը»,-ասել է Խաչատրյանը:


Նա նշել է, որ լիազոր մարմնի՝ ՆԳՆ-ի կողմից այս տարի ընդունվել է ենթաօրենսդրական նորմատիվ ակտ, որով սահմանվել են բենզալցակայանների նոր տեխնիկական պահանջներ: Դա ուժի մեջ կմտնի 2026թ հունվարի 1-ին:


«Ենթաօրենսդրական նորմատիվ ակտով նախատեսվում է, որ 1 տարվա ընթացքում նախկինում կառուցված և ներկայումս շահագործվող բոլոր բենզալցակայանները վերազինման և վերակառուցման միջոցով իրենց օբյեկտները պետք է համապատասխանեցնեն ընդունված նոր տեխնիկական անվտանգության պահանջներին»,-ասել է տեսչական մարմնի ղեկավարը:

Քաղաքականություն

Պատահարներ