Երբ խավարը զավթել է եկեղեցական իշխանությունը. Արփի Դավոյան
Երբ խավարը զավթել է եկեղեցական իշխանությունը։ Այս մասին գրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանը:
«Եկեղեցին, որ պիտի լիներ հոգևոր լույսի սփռման կենտրոն, այսօր արնածոր գալարվելով ,տառապում է խավարասեր մեղքի ճղճիմ գործիքների ճիրաններում։ Մարդիկ, ովքեր երդվել են ապրելու որպես կուսակրոններ, իրենց հոգիների և մարմինների մաքրությամբ առաջնորդել հավատացյալներին՝ դարձել են իրենց իսկ քարոզած բարոյականության հակապատկերը։ Այսօր շրջանառվող պատմությունները նրանց մասին՝ այլևս անձնական մեղքի սահմաններում չէ․ այն հանրային վերք է, որը խոցել է եկեղեցու սիրտը և փոշիացրել վստահությունը նվիրապետական կառույցի հանդեպ։
Արշակ, Գարեգին անունով հոգևորականները, որոնք ուխտել էին ծառայել Աստծուն և եկեղեցուն, մերժելով մարմնական ցանկությունները, կանգնած են ծանր մեղադրանքների առաջ, բարոյապես այդ մարդկանց ոչնչացումն արձանագրված է, խաղն ավարտված է։ Ամեն ինչ մատնանշում է այնպիսի վարքագիծ, որը ոչ միայն հակասում է եկեղեցական կանոնին, այլ խորտակում է այն ամենը, ինչի վրա հենվում է հավատքի հանրային ընկալումը։
Եվ ի՞նչ են անում Մայր Աթոռում բարձր պաշտոն զբաղեցնող անձինք՝ փոխարեն հրաժարական ներկայացնելու, խոնարհվելու, ապաշխարելու, Հայոց Եկեղեցին իրենց եղկելի ներկայությունից ազատելու։ Նրանք ծաղրում են, արհամարհում, խոսում քմծիծաղով, հեգնախառն անզգամությամբ ու ամբարտավանությամբ։ Կարծես իրենք են բարոյականության չափանիշը, ոչ թե բարոյականության ոտնահարողը։
Սա այլևս մեկ մարդու անկում չէ։ Սա համակարգի ճաքն է, որից թափվում է կեղծիքը՝ տարիներով պահված վեղարի, փիլոնի, թափորի, պսպղուն ճարմանդի, գավազանի ու խույրերի տակ։ Երբ եկեղեցու պատերից ներս իշխում է ինտրիգը, իշխանության ձգտումը և մարմնական անթաքույց տռփանքը, գայթակղությունը, Աստծո տունը վերածվում է խավար բեմահարթակի, որտեղ հավատքը բռնաբարվում, ծաղրվում ու կեղծվում է նենգ տեսարաններով։ Իսկ հավատացյալ ժողովուրդը՝ հոգևոր առաջնորդ փնտրելով, գտնում է ինքնագոհ պաշտոնյայի, որը մերժում է պատասխանատվությունն ու հաշվետվողականությունը։
Այստեղ ներումը մեղք է։ Այստեղ լռությունը դավաճանություն է։ Երբ հոգևոր առաջնորդը մերկացած կանգնած է հանրության առաջ ոչ թե որպես մեղավոր մարդ, այլ որպես անամոթ հերքող, մեր միակ պատասխանն է՝ հրաժարականի պահանջը։ Ոչ թե որպես պատիժ, այլ որպես մաքրագործման միակ ձև։ Եկեղեցին չի մաքրվում աղոթքով, եթե մեղավորը չի խոստովանում, եթե մեղքի ու չարիքի արմատն ու խրախուսողը չի հեռացվում։
Եկեղեցին մաքրվում է ճշմարտությամբ և արդարությամբ։
Հետևաբար, սա կոչ է ոչ միայն Կտրիճ Ներսիսյանին, այլ ողջ եկեղեցական համակարգին․կամ դուք եք մաքրում ձեր շարքերը, կամ ժողովուրդը կվերցնի ձեր խույրերը և կգրի ձեր դատավճիռը՝ պատմության էջերին։
Ժամանակն է հրաժարականի։ Ժամանակն է պատասխանատվության։
Ոչ թե որպեսզի վարկաբեկվի եկեղեցին, այլ որպեսզի փրկվի այն»։





























