Հունգարիայի տնտեսությունը մեծ վնաս է կրել` Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետևանքով. Օրբան
Բուդապեշտը դեմ է ԵՄ պատժամիջոցների քաղաքականությանը, բայց աջակցում է Ռուսաստանի դեմ սահմանափակումների 19-րդ փաթեթին, քանի որ այն ուղղակիորեն չի վնասում Հունգարիայի տնտեսությանը։ Այդ մասին հայտարարել է վարչապետ Վիկտոր Օրբանը, որը մասնակցում է Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովին։
«Պատժամիջոցների այս փաթեթը, թեև սահմանափակումների քաղաքականության շարունակությունն է, որն արմատապես սխալ էր, Հունգարիային չի վնասում։ Մենք միշտ բանակցում ենք այնպես, որ անգամ պատժամիջոցների նոր փաթեթների ընդունման դեպքում դրանք բացասական ազդեցություն չունենան մեր երկրի վրա»,- կառավարության ղեկավարի խոսքն է մեջբերել Magyar Nemzet թերթը։ Օրբանը նաև նշել է, որ Ուկրաինայի հակամարտության և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետևանքով Հունգարիայի տնտեսությունը 20-30 մլրդ եվրոյի վնաս է կրել:
Վարչապետը չի բացառել, որ Հունգարիան ուղիներ է փնտրելու Ռուսաստանից նավթի և գազի մատակարարման նկատմամբ ԵՄ-ի սահմանած արգելքը շրջանցելու համար և շարունակելու է հակազդել այդ որոշմանը։
«Կան պատժամիջոցներ որոշ ռուսական նավթային ընկերությունների դեմ… Մենք աշխատում ենք դրանք շրջանցելու ուղղությամբ»,- ասել է Օրբանը Kossuth ռադիոկայանի առավոտյան ծրագրի եթերում։
Նրա խոսքով՝ ինքն այդ հարցը քննարկել է հունգարական MOL ընկերության ղեկավարության հետ, որը ռուսական նավթն օգտագործում է իր նավթավերամշակման գործարաններում:





























