ԵՏՀ խորհրդի նիստին քննարկվել է վարորդների՝ ՌԴ-ում գտնվելու տևողության սահմանափակման հարցը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին, որի օրակարգում ընդգրկված էին տասնյակից ավելի հարցեր։ Նիստի ընթացքում քննարկվել է նաև Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի վարորդների՝ Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու տևողության սահմանափակման հարցը։
Քննարկման ընթացքում ռուսական կողմը տեղեկացրել է, որ հասկանում է խնդրի հրատապությունը և աշխատում է հարցի լուծման ուղղությամբ։ Նշվել է նաև, որ Ռուսաստանի Դաշնության պատկան մարմիններում ներկայումս շրջանառվում է գործող օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին իրավական ակտի նախագիծ։
Հիշեցնենք՝ հայ-վրացական անցակետերում՝ Բագրատաշենում, Գոգավանում և Բավրայում, բեռնատարների վարորդները երկկողմանի փակել են ճանապարհները՝ բողոքելով ՌԴ-ում միգրանտների մնալու 90-օրյա սահմանափակման դեմ։





























