
Հայաստանը քայլ-քայլ հաղթահարում է շրջափակումը. վարչապետ

Մեր տնտեսության կառուցվածքում տեղի են ունենալու ֆունդամենտալ փոփոխություններ։ Գոհունակությամբ պետք է արձանագրենք, որ Հայաստանը քայլ-քայլ հաղթահարում է շրջափակումը։ Այդ մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Արդեն երկու օր քննարկվում է, որ Ադրբեջանը հայտարարեց դեպի Հայաստան արտահանման սահմանափակումների վերացման մասին, և ես միջազգային հարթակում՝ Թբիլիսիում տեղի ունեցած «Մետաքսի ճանապարհ» համաժողովի ժամանակ իմ գնահատանքն եմ արտահայտել Ադրբեջանի նախագահի այս որոշման կապակցությամբ, նույնը ուզում եմ անել նաև այստեղ, որովհետև դա շատ կարևոր որոշում է, և դա ցույց է տալիս, որ Վաշինգտոնի հռչակագիրը և ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես փորձ է արվում որոշ տեղերում ներկայացնել, դեկլարացիա չեն։ Դրանք դեկլարացիա են, որն իր հետ բերել է կոնկրետ արդյունքներ։
Երբ որ մեր որևէ գյուղում կրակոցի ձայն է լսվում, հաջորդ օրը ամբողջ սոցիալական ցանցերում քննարկում են, բայց որ կրակոցի ձայն չի լսվում, բնականաբար, ոչ մեկը չի քննարկում, ոչ մեկը ամեն օր չի վեր կենում-ասում՝ մեր գյուղում կրակոցի ձայն չլսվեց։ Բայց մենք ամեն օր այդ ինֆորմացիան ունենում ենք։ Սա շատ կարևոր է: Մենք այս պարամետրերը պետք է տեսնենք, կշռենք, որ դինամիկան տեսնենք՝ ուր ենք գնում»,- նշեց վարչապետը։