Ասում եք՝ ՔՊ-ն արյուն է ուզում, ո՞նց ենք արյուն ուզում. Վահագն Ալեքսանյան
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր ելույթում անդրադարձել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ճեպազրույցին, նկատել է՝ շատ խնդրահարույց բաներ է լսել:
«Ասում եք՝ ՔՊ-ական պատգամավորները արյուն են ուզում Գյումրիում, ու, ենթադրաբար, հղում եք անում իմ խոսքերին, որոնցում ես ասում եմ՝ Վարդան Ղուկասյանը կամ նրա կլանը սպանել է ձեր ընկերներին, ու նրան քվե եք տվել: Ասում եմ, բայց դա չի նշանակում, որ ես արյուն եմ ուզում, հակառակը: Դա նշանակում է, որ ես արյուն չեմ ուզում:
Դուք ինձնից լավ գիտեք, որ Գյումրիի ամենաաղմկահարույց սպանությունները, գրեթե բոլոր, կատարվել են էն ժամանակ, երբ Վարդան Ղուկասյանը եղել է քաղաքապետ, երբ նրա կլանն այդ քաղաքում եղել է իշխանություն: Ու սա իմանալով՝ դուք գնացել ու ընտրել եք Վարդան Ղուկասյանին»,- հայտարարել է Ալեքսանյանը: Դիմելով Մարտուն Գրիգորյանին՝ ասաց՝ արյուն ուզող մարդը այս պայմաններում իրենք չեն:
«Դո՛ւք եք ընտրել Վարդան Ղուկասյանին, որին դուք ինքներդ եք մեղադրել այդ սպանությունների համար, որին ձեր ընտանիքը, ձեր ընկերներն են մեղադրել այդ սպանությունների մեջ:
Հիմա ասում եք՝ ՔՊ-ն արյուն է ուզում, ո՞նց ենք արյուն ուզում: Մեզ մեղադրում էիք, ասում էիք՝ ուզում եք Վարդանիկի միջոցով իշխանություն տանեք Գյումրիում, բայց դուք եք գնացել Վարդան Ղուկասյանին ընտրել քաղաքապետ: Դո՛ւք եք արյուն բերող քաղաքապետի ընտրել»,- նկատել է պատգամավորը:





























