
Առաջին փուլով նախատեսված է` Ակադեմիական քաղաքում կլինի տեխնոլոգիական բուհ. Անդրեասյան

ՀՀ-ում Ակադեմիական քաղաքի ծրագրի իրականացման մեկնարկի համար ամեն ինչ պատրաստ է։ Այս մասին «Ակադեմիական քաղաք Հայաստան․ գիտելիքի միջազգային ֆորում»-ից հետո ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Մենք նախագծի շուրջ աշխատում ենք արդեն շուրջ երկու տարի և բավականին մեծ ճանապարհ ենք անցել։ Մասնավորապես գլխավոր հատակագծի հետ կապված աշխատանքները վերջնական տեսքի են բերվում։ Մենք նաև տրանսպորտային նախագծի մասով արդյունքներ ունենք, քաղաքաշինական համապատասխան վերլուծություններ են արված, ամեն ինչ պատրաստ է, որպեսզի մենք սկսենք մեր ծրագրի իրականացումը։ Մեր գործընկերների հետ միասին հստակեցված է նաև իրականացման ռազմավարությունը»,- նշել է ԿԳՄՍ նախարարը։
Նա ընդգծել է, որ իրատեսական է համարում 1-ին փուլում նախատեսվածը մինչև 2030 թվականն իրականացնելը։ Առաջին փուլով նախատեսված է, որ Ակադեմիական քաղաքում կլինի տեխնոլոգիական բուհը, կլինեն շուրջ 3600 ուսանողի և Ակադեմիական քաղաքի աշխատակազմի համար նախատեսված կացարաններ ու այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ։
Հարցին, թե ընհանուր առմամբ ինչ կարժենա նախագիծը, Անդրեասյանը շեշտել է՝ նախնական հաշվարկներ ունեն, բայց զերծ մնաց այդ թվերը հնչեցնելուց։ Ընդգծել է՝ այժմ ֆինանսական և ներդրումային պլանի մշակման փուլում են ու աշխատում են հեղինակավոր խորհրդատվական կազմակերպության հետ։ Անդրեասյանի խոսքով՝ առաջիկա 1-2 ամսում կլինի թե՛ ֆինանսական հաշվարկը, թե՛ ներդրումային պլանը։