
Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվեց

Բարերար, գործարար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 30 օրով։ Նման որոշում կայացրեց Հակակոռուպցիոն դատարանը՝ Վահե Դոլմազյանի նախագահությամբ։
Նշենք, որ քննիչը կալանքը երկարաձգելու միջնորդությունը ներկայացրել էր հոկտեմբերի 11-ին։
«Դատարանն այսօր արձանագրեց, որ մեղադրանքի թե՛ երկրորդ, թե՛ երրորդ դրվագը (տնտեսական բնույթի հանցանքներ. խմբ․) նույնիսկ հիմնավոր կասկածի շեմը չեն հաղթահարել։ Իսկ ինչ վերաբերում է կոչերին, պատկերացումը կարծես այնպիսին է, որ այս մեկ ամիսը երկարաձգվում է այն տրամաբանությամբ, որ «կա՛մ ավարտեք այս գործը, ուղարկեք դատարան, կա՛մ ընդհանրապես ավարտեք»,- դատարանի բակում հավքվածներին ասաց Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը՝ շեշտելով, որ այսպիսով քննիչի ներկայացրած միջնորդությունը բավարարվեց մասնակի։
Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է. ՀՀ քննչական կոմիտե
Փաստաբան Արմեն Ֆերոյանն էլ հավելեց՝ հայաստանյան դատական պրակտիկայում չենք կարողանա գտնել թեկուզ մեկ օրինակ, որ միջին ծանրության հոդվածով (ՔՕ 422-րդ հոդված՝ իշխանություն զավթելու կոչ. խմբ․), որով նաև տուգանք է նախատեսված, մարդուն 4-5 ամիս անազատության մեջ պահած լինեն։
«Մեկ հատ նմանատիպ դեպք հնարավոր չէ գտնել, առավել ևս, որ այս անձը չունի դատվածություն, ունի հասարակական բարձր հեղինակություն, էլ չեմ ասում, որ խոսում ենք բարերարի և ազգային մեծ արժեքներ ստեղծած անձի մասին»,- ասաց նա։
Միջնորդությունը քննվեց երկու օր և ավարտվեց հոկտեմբերի 16-ին` ժամը 01:30-ին։
Փաստաբանական թիմն ավելի վաղ հայտարարել էր, որ դատավորը, որին մակագրվել է «այս ակնհայտ անհիմն միջնորդությունը», հանրությանը հայտնի է որպես հնչեղություն ստացած գործերով բացառապես իշխանահաճո որոշումներ կայացնող դատավոր։ Վահե Դոլմազյանն է կալանքի որոշումներ կայացրել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, ԲԴԽ նախկին նախագահ, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի և այլոց նկատմամբ։
Դոլմազյանը նախկինում դատախազ է եղել, հատկապես հայտնի է դարձել ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործով, երբ հանդես էր գալիս որպես մեղադրող դատախազ։