
Հայաստանում էլեկտրամոբիլների ներմուծումն ավելացված արժեքի հարկից ազատված կլինի ևս մեկ տարի

ՀՀ–ում էլեկտրամոբիլների ներմուծման դեպքում տնտեսվարողները ևս մեկ տարով ազատված կլինեն ԱԱՀ (ավելացված արժեքի հարկ) վճարելուց։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց, որ այս պահին ԱԱՀ–ից ազատման գործող արտոնությունը կերկարաձգվի 2024 թվականից հետո արտադրված էլեկտրական շարժիչով մեծ, միջին և փոքր ավտոբուսների, մարդատար մեքենաների, մոտոցիկլետների, մոպեդների համար։
Նախարարը տեղեկացրեց, որ հիմա այս տրանսպորտային միջոցներն ազատված են ԱԱՀ–ից մինչև 2026 թ–ի հունվարի 1–ը։
«Այս արտոնությունը գործում է 2019 թվականից և հաշվի առնելով մինչ այս պահն արձանագրված դրական արդյունքները` նպատակահարմար ենք գտել արտոնությունը երկարաձգել մինչև 2026 թ. դեկտեմբերի 31–ը։ Հիշեցնեմ, որ 3–րդ երկրներից ներմուծման համար գործում է նաև մաքսատուրքից ազատման արտոնությունը»,– հայտարարեց նախարարը։
Նա նշեց, որ համաձայն ԵԱՏՄ կանոնակարգերի` 2022 թվականին Հայաստանը տարեկան ունեցել է էլեկտրամոբիլների ներմուծման 7000 միավոր, 2023, 2024, 2025 թթ. համար` 8000 միավոր էլեկտրական շարժիչով մեքենաների քվոտա, որոնց դեպքում մաքսատուրք չի գանձվում։
Պապոյանի խոսքով` ԱԱՀ–ի և մաքսատուրքերի արտոնությունների շնորհիվ աճել են դեպի Հայաստան ներմուծման ծավալները։
Խաղի կանոնները խաղակեսին փոխելը լավ գաղափար չէ. Պապոյանը` էլեկտրամոբիլների քվոտայի մասին
Նրա տվյալներով` 2023 թ. էլեկտրամոբիլների ներմուծման ծավալները կազմել են 9 635 միավոր, ինչը 2022 թ. համեմատ աճել է 75 տոկոսով, 2024 թ. ներմուծման ծավալը կազմել է 11 793, ինչը 2023 թ. համեմատ աճել է 22 տոկոսով, 2025 թ. տարեսկզբից մինչև հոկտեմբերի 17–ը ներմուծվել է 14 888 միավոր տրանսպորտային միավոր, որը 3000 մեքենայով ավելի է նախորդ ամբողջ տարվա համեմատ։