
Նոր մանրամասներ Գյումրու համայնքապետի որդու գործից

Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի որդու` Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեին` ներկայացնելով քրեական վարույթի մանրամասները։
Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ Ըստ ՔԿ-ի` Սպարտակ Ղուկասյանը Գյումրի համայնքին պատկանող գույքն իրենը դարձնելու նպատակով մոտեցել է բեռնատար տրանսպորտային միջոցի վարորդին՝ պահանջելով մեքենայի թափքին բեռնված գույքը տեղափոխել իրեն ու իր ընտանիքին պատկանող հանգստյան գոտի, և իրենն է դարձել գույքը։
«Բեռնատարի վարորդը վախի ազդեցության տակ և բացասական հետևանքներից խուսափելու նպատակով կատարել է ներկայացված պահանջը` գույքը համայնքապատկան բեռնատարով տեղափոխել է հանգստյան գոտի, բեռնաթափել ու հեռացել: Արդյունքում Ղուկասյանն իրենն է դարձրել գույքը՝ Գյումրի համայնքին պատճառելով զգալի չափերի գույքային վնաս»,– ասված է հաղորդագրության մեջ:
Ղուկասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով (հարկադրանքի այլ եղանակով կատարված շորթումը):
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ։