Մայր Աթոռից արձագանքել են քահանաների բերման ենթարկելու գործողություններին
Հակաօրինական այս գործողությունների պատճառով խոչընդոտվել է թեմի գործունեությունը։ Այս մասին ասվում է Մայր Աթոռի տարածած հաղորդագրության մեջ։
«Սույն թվականի հոկտեմբերի 15-ի լուսադեմին իրավապահ համակարգի ներկայացուցիչները Արագածոտնի թեմի Հովհաննավանքի սպասավոր Տ․ Արամ քհն․ Ասատրյանի հրապարակած ստահոդ տեղեկությունների և «Իրազեկ Քաղաքացիների Միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա խուզարկություններ են իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդարանում, Արագածոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Մկրտիչ եպս․ Պռոշյանի և Արագածոտնի թեմի քահանաների ու աշխատակիցների բնակարաններում։
Այս պահին հայտնի տեղեկություններով բերման են ենթարկվել Արագածոտնի թեմի առաջնորդը, թեմի 12 քահանաներ՝ Արժ․ Տ․ Փառեն քհն․ Առաքելյանը, Արժ․ Տ․ Հայկ քհն․ Քոչարյանը, Արժ․ Տ․ Մկրտիչ քհն․ Երանյանը, Արժ․ Տ․ Մանուկ քհն․ Զեյնալյանը, Արժ․ Տ․ Ղևոնդ քհն․ Գափոյանը, Արժ․ Տ․ Հայկ քհն․ Սահակյանը, Արժ․ Տ․ Սարգիս քհն․ Սարգսյանը, Արժ․ Տ․ Գարեգին քհն․ Արսենյանը, Արժ․ Տ․ Նարեկ քհն․ Սարգսյանը, Արժ․ Տ․ Օշին քհն․ Հայրապետյանը, Տ․ Վրթանես քհն․ Բաղալյանը, Արժ․ Տ․ Համբարձում քհն․ Դանիելյանը, Արագածոտնի թեմի հաշվապահը, գանձապահը և գործավարը։
Օրենքի կոպտագույն ոտնահարմամբ ժամեր շարունակ ծածուկ է պահվել Արագածոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Մկրտիչ եպս․ Պռոշյանի, Արժ․ Տ․ Սարգիս քհն․ Սարգսյանի, Արժ․ Տ․ Նարեկ քհն․ Սարգսյանի, Արժ․ Տ․ Օշին քհն․ Հայրապետյանի, Արժ․ Տ․ Համբարձում քհն․ Դանիելյանի, Տ․ Վրթանես քհն․ Բաղալյանի պահման վայրը, և նրանք զրկված են եղել իրավական աջակցություն ստանալու որևէ հնարավորությունից։
Արագածոտնի թեմի առաջնորդի, թեմում ծառայող քահանաների և աշխատակիցների նկատմամբ իրականացված ապօրինի քրեական հետապնդման գործողությունները հերթական դրսևորումն են իշխանությունների հրահրած հակաեկեղեցական համակարգված արշավի։ Նմանօրինակ դատապարտելի գործողություններով ակնհայտ չարամիտ դիտավորություն է հետապնդվում խափանելու Եկեղեցու բնականոն գործունեությունը, հարվածելու Եկեղեցու հեղինակությանը և վախի ու տագնապի մթնոլորտ տարածելու հոգևորականների, հավատացյալների ու հանրության լայն շրջանակներում։
Հակաօրինական այս գործողությունների պատճառով խոչընդոտվել է թեմի գործունեությունն ու ծիսա-արարողական կյանքը, խաթարվել հոգևոր հովիվների ծառայությունը։
Ամբողջատիրական համակարգերին բնորոշ նմանօրինակ բռնաճնշումների կիրառմամբ ՀՀ իշխանությունները կոպտորեն ոտնահարում կրոնական ազատության իրավունքը, վիրավորում հավատացյալների կրոնական զգացումները, շարունակում տարածել ատելություն՝ խորացնելով հանրային պառակտումը։
Մեր հոգևորականներին և հավատացյալ ժողովրդին կոչ ենք ուղղում չտրվել սադրանքներին, ամուր մնալ Եկեղեցու պաշտպանության դիրքերում։ Խարդավանքներով, սպառնալիքներով և բռնաճնշումներով հնարավոր չէ ընկճել հոգևոր սպասավորներին և հավատավոր ժողովրդին։
Աղոթում ենք հայրենի մեր երկրի խաղաղության և մեր ժողովրդի անվտանգ կյանքի համար»,– նշված է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Կարծում եմ՝ Զելենսկին պատրաստ է դրան․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ իր կարծիքով՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատրաստ է Ղրիմը տեսնել Ռուսաստա...
Վտանգ չեմ տեսնում. Սամվել Շահրամանյանն իրեն մեղադրանք առաջադրելու մասին
Սամվել Շահրամանյանն իրեն մեղադրանք առաջադրելու և հնարավոր կալանքի մասով վտանգ չի տեսնում։ Այս մասին Շահրամանյանն ասաց լր...
Թուրքիայում խոսել են ռուս-ուկրաինական խաղաղ բանակցությունների հնարավոր մեկնարկի մասին
Ուկրաինացի ժողովուրդը պատրաստվում է հանրաքվեի և Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունների, որոնք, ամենայն հավանականությամբ,...
«Ժողովուրդ». Գագիկ Խաչատրյանը հիվանդանոցում եղել է, բայց… որտե՞ղ է գտնվում նա հիմա
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Արդեն մի քանի օր է, ինչ մամուլում հրապարակումներ են լինում այն մասին, որ ՊԵԿ նախկին նախագահ...