
Մխիթարյանը պատմել է, թե ինչպես է որոշել տեղափոխվել «Ինտեր»

Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը պատմել է, թե ինչպես է որոշում կայացրել միանալ Միլանի «Ինտերին» և ինչու չի ցանկացել շարունակել կարիերան «Ռոմայի» կազմում։ Այս մասին գրում է ArmSport.am-ը։
Հենրիխը նաև խոսել է «ներաձուրիի» նախկին գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի՝ իր կարիերայի վրա ունեցած ազդեցության մասին։
«Ամեն ինչ սկսվեց «Ռոմայում» անցկացրած երկրորդ տարուց հետո, երբ ես զանգ ստացա Պիերո Աուզիլիոյից, և նա ասաց, որ ուզում են ինձ տեսնել «Ինտերում»։ Այդ զանգից հետո մենք այլևս երբեք չխոսեցինք։ Հետո՝ «Ռոմայում» անցկացրած երրորդ մրցաշրջանում, Մոուրինյուի և մարզական տնօրեն Տիագո Պինտոյի հետ խոսակցություններ եղան պայմանագրի երկարաձգման մասին։ Տիագո Պինտոն գիտեր, որ ինձ դուր է գալիս քաղաքը, և որ ես ուզում եմ այնտեղ ավարտել կարիերաս։ Բայց չգիտեմ, գուցե նրանք չէին հասկանում ինձ կամ չէին հավատում ինձ և ուզում էին ամեն ինչ անել իրենց ձևով։ Ես ասացի. «Ոչ, այդպես գործերը չեն արվում։ Ես պետք է ինձ կարևոր զգամ ձեզ համար, բայց դուք ինձ առաջարկում եք մեկ գումարած մեկ տարվա պայմանագիր, որը ես չեմ ուզում։ Ես 33 տարեկան եմ և կցանկանայի վստահ լինել»։
«Ինտերի» դեմ խաղալուց հետո (3-1 «Սան Սիրոյում»), Աուզիլիոն կրկին զանգահարեց ինձ. «Հիմա մենք վստահ ենք, որ Սիմոնե Ինձագին այն մարզիչն է, որն իսկապես ուզում է քեզ։ Մենք պետք է հնարավորինս շուտ կնքենք գործարքը»։ Մենք դեռ պայքարում էինք լիգայի համար և պետք է խաղայինք Կոնֆերենցիայի լիգայի եզրափակիչում, բայց ես համաձայնվեցի, քանի որ «Ռոման» այդքան էլ հստակ չէր ինձ հետ։ Ի հակադրություն՝ «Ինտերը» ինձ երկու տարվա ֆիքսված պայմանագիր էր առաջարկել։ Տեսնելով, թե ինչ է կատարվում, ես ասացի. «Ես չեմ կարող այստեղ մնալ, չնայած մարզիչը ցանկանում էր, որ ես մնայի»։
Ապա՝ Սիմոնե Ինձագիի մասին. «Ես նրա հետ անցկացրել եմ երեք հրաշալի տարի, նա ինձ երկրորդ երիտասարդություն պարգևեց։ Նա մարզիչ էր, հայր և ընկեր։ Մեկը, որի հետ կարող ես խոսել ամեն ինչի մասին, բայց առանց սահմանը հատելու։ Ես միայն լավ հիշողություններ ունեմ։ Եթե տեսնեմ նրան հաջորդ մի քանի ամիսների կամ տարիների ընթացքում, կրկին կգրկեմ նրան։ Նրա՝ Արաբիա գնալուց հետո ես նրան հաղորդագրություն ուղարկեցի՝ շնորհակալություն հայտնելով այս երեք տարիների համար։ Նա հիմնարար մարզիչ էր և շատ կարևոր այս «Ինտերի» համար։ Արդյո՞ք նրա հրաժեշտը շեղեց մեզ։ Մարդիկ ավելի շատ խոսում էին դրա մասին, քան Չեմպիոնների լիգայի եզրափակչի, և գուցե դա մի փոքր անհանգստացրեց մեզ։ Նա չէր ուզում ոչնչի մասին խոսել և ցանկանում էր կենտրոնանալ միայն եզրափակիչի վրա»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում իտալական հեղինակավոր La Gazzetta dello Sport պարբերականը։
Հիշեցնենք, որ Մխիթարյանը միացել է «Ինտերին» 2022 թվականի հուլիսի 1-ին։ Նրա գործող պայմանագրի ժամկետը միլանյան գրանդի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։