Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները դեռ շարունակվում են․ ՆԳՆ

Նուբարաշենի կենցաղային աղբավայրում երեկ գիշեր բռնկված հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին տեղեկացնում են Ներքին գործերի նախարարությունից։


Նշվում է, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի քաղաքային վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների վեց մարտական հաշվարկ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։


Հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացվել մոտ 2 հա տարածքում․ այրվում է կենցաղային աղբ։ ՆԳՆ ՓԾ տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հանձնարարականով հրդեհի վայրում ձևավորվել է հրդեհաշիջման շտաբ՝ Երևանի քաղաքային փրկարարական վարչության պետի պարտականությունները ժամանակավոր կատարող, փ/ծ գնդապետ Զ․ Մելքոնյանի գլխավորությամբ։


ՆԳՆ-ի տվյալներով՝ հոկտեմբերի 10-ին, ժամը 18։20-ի դրությամբ, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ Աշխատանքներին ներգրավված են 5 մարտական հաշվարկ, 1 օպերատիվ խումբ, 25 փրկարար, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի 8 բեռնատար, 3 ջրատար և 3 ինժեներական տեխնիկա։ Տեղափոխվել է 140 մեքենա հող և մղվել մոտ 200 տոննա ջուր։


Նախարարությունը հայտնել է, որ դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։


Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում հայտարարել էր, որ բռնկված հրդեհը պատահականություն չէր, այլ դիտավորություն։ Նա տեղեկացրել էր, որ խոսել է ԱԱԾ տնօրենի և ՆԳ նախարարի հետ, և հրդեհի հետ որևէ կապ ունեցած անձ կենթարկվի պատասխանատվության օրենքի ամբողջ խստությամբ։


Քաղաքապետը նաև նշել էր, որ խստացվել է աղբավայրի մուտքի և ելքի վերահսկողությունը և շեշտել, որ այս տարի կհայտարարվի կենցաղային թափոնների վերամշակման գործարանի մրցույթի առաջին փուլը, որը մեկընդմիշտ կփակի Նուբարաշենի աղբավայրի էջը։

Քաղաքականություն

Պատահարներ