44-օրյայի զեկույցը ստացել է գաղտնիության «Հույժ գաղտնի» աստիճան

2020-ի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը կուղարկվի Ազգային ժողովի առաջին բաժին, որի գործառույթների մեջ է մտնում ԱԺ-ում պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանությունը, գաղտնիության ռեժիմի ապահովումը, գաղտնի փաստաթղթերի հաշվառումը, արխիվացումը և այլն։ Այս մասին գրել է civilnet-ը:


Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղարը՝ նշել է, որ զեկույցին կարող են ծանոթանալ միայն այն պատգամավորները, որոնք ունեն համապատասխան գաղտնիության թույլտվություն։


Մինչ այդ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը բազմիցս հայտարարել էր, որ զեկույցը ներկայացվելու է ԱԺ լիագումար նիստին, և հանրությունը հնարավորություն է ունենալու ծանոթանալ դրա ոչ գաղտնի համարվող որոշ հատվածներին։


ԱԺ կանոնակարգի օրենքի 25-րդ հոդվածը սահմանում է՝ քննիչ հանձնաժողովը պարտավոր է իր գործունեության արդյունքով ստեղծված զեկույցը ներկայացնել ԱԺ նախագահին, որից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, այն քննարկվում է ԱԺ-ի հերթական նիստում։


Իսկ կանոնակարգի 20-րդ հոդվածի համաձայն՝ քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը վեց ամիս է, որը կարող է երկարաձգվել երկու անգամ՝ մինչև 6-ական ամսով։ 2022-ի փետրվարին ստեղծված հանձնաժողովի ժամկետն այս ընթացքում երկու անգամ վեց ամսով երկարաձվել է՝ 2022-ի հոկտեմբերին և 2023-ի մայիսին։


Զեկույցի ներկայացման ձգձգման հետ կապված լրագրողները վերջին երկու տարիներիներին պարբերաբար հարցեր էին ուղղում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին։ Արդյունքում հանձնաժողովի ստեղծումից ավելի քան 3,5 տարի անց՝ 2025-ի սեպտեմբերի 3-ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հաղորդագրություն տարածեց, որտեղ նշվում էր, որ սեպտեմբերի 3-ին զեկույցն ուղարկվել է ԱԺ նախագահին։


Միևնույն ժամանակ, նույն օրենքի 26-րդ հոդվածը սահմանում է, որ քննիչ հանձնաժողովի լիազորությունները ավարտվում են, եթե զեկույցը չի ներկայացվել ԱԺ-ի քննարկմանը մինչև լիազորությունների ժամկետն ավարտվելը։


Ստացվում է, որ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը սպառվել է 2023-ի հոկտեմբեր-նոյեմբերին՝ դեռ երկու տարի առաջ, սակայն զեկույցը ներկայացվել է ԱԺ նախագահին վերջերս։


Թեև 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պարբերաբար հայտարարել է, որ զեկույցը պետք է ներկայացվի ԱԺ լիագումար նիստերին, սակայն պարզվում է՝ զեկույցը լիագումար նստաշրջան մտցնելու իրավական հիմքեր չկան, քանի որ ժամկետներն ավարտվել են։ Այս մասին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել էր լրագրողներին 2025-ի հոկտեմբերի 1-ին՝ պնդելով, թե կարող են խորհրդարանում հանրային լսումներ կազմակերպել՝ «որոշվելու է անել մաքսիմալը, որը որ հնարավոր է՝ հանրային դարձնելու համար»։


Այնուամենայնիվ, արդեն հաջորդ օրը Սիմոնյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, թե տեղի են ունենալու փակ լսումներ, և զեկույցը ներկայացվելու է այդ ձևաչափով։ Սակայն զեկույցը չքննարկվեց ո՛չ լիագումար, ո՛չ փակ նիստում, ո՛չ էլ հանրային լսումների ձևաչափով։


Փոխարենը զեկույցն ուղարկվեց խորհրդարանի առաջին բաժին։


Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը հստակեցրեց, որ առաջին բաժին ուղարկվելուց հետո հանրային լսումներ կազմակերպելու թեման ևս փակվել է։ Բացի այդ, պատգամավոր Անդրանիիկ Քոչարյանի խորհրդա#CivilNetCheck-ի հետ զրույցում հայտնել է, որ այն ստացել է գաղտնիության «Հույժ գաղտնի» աստիճան։


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ 2023-ին, քննիչ հանձնաժողովի հարցերին պատասխանելիս, նշել էր, որ հանրային լավագույն շահը ենթադրում է 44-օրյա պատերազմի և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ հանրային շարունակական հաղորդակցություն։


Նյութին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ սկզբնաղբյուրի կայքում:

Քաղաքականություն