Թուրքիան ուզում է օգտագործված կործանիչներ գնել․ խնդրանքով դիմել է Կատարին

Թուրքիան ուզում է օգտագործված «Eurofighter Typhoon» կործանիչներ գնել և վաճառքի խնդրանքով դիմել է Կատարին։ Այս մասին հայտնում է «Middle East Eye»–ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ հնարավոր գործարքի մանրամասները քննարկելու նպատակով երեկ Դոհա են մեկնել պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը և ռազմաօդային ուժերի հրամանատար Զիա Ջեմալ Քադիօղլուն։ Կատարի զինանոցում այդ կործանիչներից 24 միավոր կա։


Անկարան վերջին տարիներին տարբերակներ է փնտրում իր ավիապարկը թարմացնելու համար, որի հիմքը կազմում են ամերիկյան F-16 ինքնաթիռների հնացած տարբերակները:

Վերջին տարիներին Թուրքիան մշակում է սեփական «Kaan» կործանիչը, բայց առաջին նմուշները սպառազինության մեջ կարող են մտնել միայն 2030-ականներին: Թուրքիան նաև բրիտանացիների հետ է բանակցում 40 հատ «Eurofighter Typhoon» գնելու շուրջ, սակայն Լոնդոնի պահանջած գինը չի բավարարում Անկարային:

Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ն Թուրքիային հանեց հինգերորդ սերնդի F-35-ների արտադրության և գնման ծրագրից, երբ Անկարան ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգեր ձեռք բերեց:

Դրանից հետո Թուրքիան սկսեց ԱՄՆ-ի հետ քննարկել 40 հատ արդիականացված F-16 Block 70/72 գնելու հնարավորությունը, սակայն այդ քննարկումներն էլ դեռ արդյունք չեն տվել։ Թեման նույնիսկ քննարկվել է վերջերս Նյու Յորքում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հանդիպման ժամանակ:

Քաղաքականություն

Պատահարներ