Իսրայելը զանգվածային հարվածներ է հասցրել Լիբանանի հարավին

Իսրայելական բանակն այսօր հարձակվել է Լիբանանի հարավում գտնվող մի քանի շրջանների և քաղաքների վրա, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տեղական ռազմական աղբյուրին:


Վերջինիս խոսքով՝ Իսրայելն օգտագործել է մարտական ինքնաթիռներ, կառավարվող հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր:


Զանգվածային հարձակումներ են իրականացվել Նաբաթիա քաղաքի Հարաջ Ալի ալ-Թահեր և ադ-Դաբշա արվարձանների վրա։


Օգոստոսի 28-ին հաղորդվել էր, որ Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները մի շարք հարվածներ են հասցրել և Լիբանանի հարավում գտնվող Ռեյհան բնակավայրի մոտակայքին և Մահմուդիա շրջանին:


Լիբանանի իշխանությունները բազմիցս նշել են, որ Իսրայելը շարունակում է համակարգված կերպով խախտել հանրապետության ինքնիշխանությունը՝ չնայած հրադադարի մասին համաձայնագրին: Իսրայելի զինված ուժերը պահպանում են ներկայությունը Լիբանանի հարավի հինգ ռազմավարական կետերում, այդ թվում՝ Հաջար գյուղի հյուսիսային հատվածում, ինչը Լիբանանի իշխանությունները դիտարկում են որպես շարունակվող օկուպացիա և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1701 բանաձևի խախտում:


Իսրայելական բանակն իր կողմից հայտարարում է, որ հարվածները հասցվում են «Հզբոլլահի» ռազմական ենթակառուցվածքներին դրա մարտական թևի ղեկավար կազմը վերացնելու համար:



Քաղաքականություն