Վարդան Ղուկասյանի մեքենան խախտել է երթևեկության կանոնները․ մեքենան զրահապատ է
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մեքենան խախտել է երթևեկության կանոնները, սակայն մեքենան պահպանվող հատուկ տարածք չի տեղափոխվել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ ոստիկանները փորձել են առգրավել Վարդան Ղուկասյանի անձնական օգտագործման մեքենան։
«Նշված մեքենան վարել են ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով, ինչի վերաբերյալ կազմվել է արձանագրություն և ժամանակ է տրվել մյուս խախտումը վերացնելու համար»,–հայտնեցին ՆԳՆ–ից։
Հիշեցնենք` այսօր` ավելի վաղ, տեսանյութ էր տարածվել, որտեղ պարեկային ծառայության աշխատակիցը նշել էր, որ Ղուկասյանի մեքենան զրահապատ է և չի համապատասխանում շահագործման կանոններին։ Նա պահանջել էր մեքենան քարշակով տեղափոխել ոստիկանության բաժանմունք։