Եվրոպական Միության կողմից ներդրվում է նոր մուտքի և ելքի համակարգ

Եվրոպական Միության կողմից ներդրվում է նոր Մուտքի/ելքի համակարգ (Entry/Exit System – EES), որը կսկսի գործել 2025թ. հոկտեմբերի 12-ից։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից:


Նոր համակարգի նպատակն է ամրապնդել Շենգենյան գոտու արտաքին սահմանների վերահսկողությունը, բարձրացնել անվտանգությունը և պարզեցնել գործընթացները ոչ ԵՄ երկրների քաղաքացիների համար։


Ինչ պետք է իմանան Հայաստանի Հանրապետության քաղաքացիները


Ո՞ւմ է վերաբերում – Նոր համակարգը վերաբերում է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր չեն հանդիսանում ԵՄ կամ Շենգենյան գոտու անդամ պետության քաղաքացի, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներին։


Ի՞նչ է փոխվում – Սահմանային անցակետերում ԵՄ և Շենգենյան գոտու պետությունները կգրանցեն յուրաքանչյուր մուտք և ելք՝ փոխարինելով ներկայիս անձնագրում դրոշմակնիքների դնելու գործելակերպը։


Գրանցվող տվյալները.


- Անձնական տվյալներ (անուն, ազգանուն, քաղաքացիություն և այլն),


- Ճամփորդական փաստաթղթի տվյալներ,


- Մուտքի և ելքի ամսաթիվ ու վայր,


- Կենսաչափական տվյալներ՝ մատնահետք և դեմքի լուսանկարում։


Վավերականության վերահսկում – Համակարգը ավտոմատ կերպով կվերահսկի, թե արդյոք թույլատրելի է տվյալ անձի մուտքը, և արդյոք չի գերազանցվել Շենգենյան գոտում կարճաժամկետ մնալու «90 օր՝ յուրաքանչյուր 180 օր ժամանակահատվածում» կանոնը։


Որտե՞ղ է գործելու. Համակարգը կգործի բոլոր արտաքին սահմանային անցակետերում՝ օդանավակայաններում, ծովային նավահանգիստներում և ցամաքային սահմանային անցակետերում։


Ինչպե՞ս պատրաստվել. Ճանապարհորդները պետք է պատրաստ լինեն կենսաչափական տվյալների (մատնահետք, լուսանկարում) տրամադրմանը և սահմանին ստուգման ավելի երկար տևող ժամանակահատվածին՝ հատկապես առաջին անգամ մուտք գործելիս։

Պատահարներ