
Դա անհրաժեշտություն է. Փեզեշքիանը՝ Իրանի մայրաքաղաքը տեղափոխելու մասին

Իրանի մայրաքաղաքի տեղափոխումն ընտրություն չէ, այլ անհրաժեշտություն, Հորմոզգան նահանգում ներդրողների և տնտեսական ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ մեկնաբանելով Իրանի գերագույն առաջնորդի հետ իր հանդիպումներից մեկը, հաղորդում է Donya E-ն։
«Այդ հանդիպման ժամանակ ես առաջարկեցի մայրաքաղաքը տեղափոխել Պարսից ծոց։ Երբ այդ հարցը դարձավ լրատվամիջոցներում քննարկման թեմա, ոմանք քննադատեցին այն, բայց այսօր, տեսնելով խնդիրները, մենք հասկանում ենք, որ այդ առաջարկը պարտավորություն է, այլ ոչ թե ընտրություն»,- շեշտել է Փեզեշքիանը։
Ըստ նրա՝ իշխանությունները կանեն ամեն ինչ, թե՛ լիազորությունների, թե՛ աջակցության առումով, որպեսզի հող նախապատրաստեն նահանգներում ջանքերի և գործունեության համար։
Անդրադառնալով իշխանության ապակենտրոնացման գործընթացի թեմային՝ Իրանի նախագահը հայտարարել է. «Մենք որոշել ենք լիազորությունները կենտրոնից փոխանցել շրջաններին, որպեսզի այլևս չունենանք այնպիսի իրավիճակ, երբ մի քանի մարդ նստում է մայրաքաղաքում և որոշումներ է ընդունում երկրի տարբեր մասերի համար։
Լիազորությունները պետք է փոխանցվեն այն տարածաշրջանին, որին վերաբերում է խնդիրը»։