
Իրանի նախագահը մերժել է ԱՄՆ առաջարկը` հարստացված ուրանը հանձնելու վերաբերյալ

ԱՄՆ-ն առաջարկել է երեք ամսով հետաձգել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների վերականգնումը Իրանի նկատմամբ, բայց դրա դիմաց պահանջել է ամբողջ հարստացված ուրանի փոխանցումը։
Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ նշելով, որ նման պայմանը բացարձակ անընդունելի է։
«Ամերիկացիները ցանկանում են, որ մենք հանձնենք մեր ամբողջ հարստացված ուրանը, իսկ փոխարենը նրանք ընդամենը երեք ամիս ժամանակ կտան։ Դա մեզ համար անընդունելի է»,-ասել է Փեզեշքիանը։
Նրա խոսքով՝ հնարավոր է, որ մի քանի ամիս անց Վաշինգտոնը կրկին փորձի կիրառել արագ արձագանքման մեխանիզմը, որը նախատեսում է ՄԱԿ-ի պատժամիջոցների վերականգնումը Իրանի դեմ, և նոր պահանջներ դնի։
«Եթե պետք է ընտրել՝ ընդունել անընդունելի պայմանները, թե դիմակայել snapback-ին, ապա ավելի լավ է երկրորդը»,-նշել է Իրանի նախագահը։