
Յուրաքանչյուր տարի 6 տարեկան մոտ 3000 երեխա չէր հաճախում առաջին դասարան. ԿԳՄՍ փոխնախարար

Մենք յուրաքանչյուր տարի առաջին դասարան հաճախող երեխաների 10 %-ին բաց էինք թողնում և խոսքը շուրջ 3000 երեխայի մասին էր։ Այս մասին, այսօր ԱԺ–ում «Երեխայի իրավունքների պաշտպանության բնագավառում շրջանառվող օրենսդրական նախագծերի էությունը: Երեխաների իրավունքների պաշտպանության պետական վերաբերելի քաղաքականությունը» թեմայով լսումների ժամանակ ասաց ԿԳՄՍ փոխնախարար Արաքսյա Սվաջյանը։
Անդրադառնալով նրան, որ որոշվել է, որ երեխան պետք է սովորի այն դասարանում, որին համապատասխանում է առաջին անգամ դպրոց գնալու ժամանակ, որի հետեւանքով, օրինակ, 7 տարեկանում երեխան ստիպված է եղել միանգամից երկրորդ դասարան գնալ՝ շրջանցելով առաջին դասարանը, Սվաջյանն ասաց, «Երեխայի լավագույն շահը և կրթության իրավունքը հաշվի առնելով որոշում է կայացվել, որ յուրաքանչյուր երեխա կգնա այն դասարան սովորելու, որ տարիքին կհամապատասխանի դպրոց ընդունվելու պահին։ Այդ կարգավորմանն ենք եկել ուսումնասիրությունների և փորձագիտական եզրակացության հիման վրա։ Ինչքան էլ տույժի մասին իրազեկել ենք, եղել են ծնողներ որոնք լուրջ չեն մոտեցել այդ հորդորներին և ժամանակին իրենց երեխաներին չեն տարել դպրոց»։
Նա վստահեցրեց, որ այս տարվա տվյալները վկայում են, որ բազմաթիվ երեխաներ նախորդ տարիների պես դուրս չեն մնացել կրթական ծրագրից և ժամանակին հաճախել են առաջին դասարան։