Եվրահանձնաժողովը չի բացառել գազի դիմաց ռուբլով վճարելու հնարավորությունը. Reuters
Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները հայտնել են, որ եվրոպական ընկերությունները կկարողանան բավարարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ գազի դիմաց ռուբլով վճարելու պահանջը՝ առանց պատժամիջոցները խախտելու, News. ru-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Reuters-ը։
Գործակալությունը պարզաբանել է, որ արևմտյան ընկերությունները կդիմեն այս հնարքին՝ վճարումներ կատարելով եվրոյով և դոլարով, «որոնք հետո փոխարկվում են Ռուսաստանի ազգային արժույթի»։
Ընկերությունները պետք է նաև հավելյալ պայմաններ փնտրեն գործարքների համար, օրինակ՝ հայտարարություն այն մասին, որ իրենց պայմանագրային պարտավորությունները կատարած կհամարեն միայն ոչ ռուսական արժույթի դեպոզիտից հետո, ասվում է զեկույցում:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի Ֆինանսական պատժամիջոցների իրականացման գրասենյակը (OFSI) ապրիլի 21-ից մայիսի 31-ը թույլատրել էր վճարել ռուսական գազի մատակարարումները Գազպրոմբանկի և նրա դուստր ձեռնարկությունների միջոցով ավելի վաղ կնքված պայմանագրերով:






























