
Երկու ամսվա լռությունից հետո վարույթ ընդունվեց ընդդիմադիրների դիմումը՝ ՀԷՑ-ի վերաբերյալ

Սահմանադրական դատարանն ավելի քան երկու ամսվա լռությունից հետո այսօր ի վերջո վարույթ ընդունեց ընդդիմադիրների դիմումը, որը վիճարկում է ՀԷՑ-ի վերաբերյալ հրատապ կարգով ընդունված օրենքների սահմանադրականությունը: Այս մասին գրում է «Ազատությունը»։
Ըստ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի, դիմումն ընդունվել է թե՛ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի, թե՛ դատարանի աշխատակարգի կետերի խախտմամբ. ըստ օրենքի, Բարձր դատարանը 30-օրյա ժամկետում պետք է որոշեր՝ դիմումը վարույթ ընդունե՞լ, թե՞ ոչ: Որոշումը դեռ չի հրապարակվել, Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանը «Ազատությանը» միայն կարճ փոխանցել է՝ իրենք օրենք չեն խախտել:
«Ոչ մի ժամկետ չի խախտվել, բոլորը օրինական, օրենքով, Սահմանադրական դատարանի մասին օրենսդրության տառին համահունչ, նորմերին համահունչ, էդ դիմումի քննարկումը ընթացել է և էսօր քննության է ընդունվել: Մեր կայքում կդնենք՝ կնայեք», - ասել է Սաֆարյանը: