Նոր հնարավորություններ՝ Հայաստանում էլեկտրամոբիլների լիցքավորման համար

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց նոր օրենքի նախագիծ, որով քաղաքացիներին հնարավորություն է  տրվում առանց առանձին բաժանորդագրության՝ բնակարանից իրենց ավտոտնակ անցկացնել էլեկտրաէներգիա՝ էլեկտրամոբիլների լիցքավորման նպատակով: 


«Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց ԱԺ այսօրվա նիստում: Սահմանվում է, որ սպառողին մատակարարված էլեկտրական էներգիան նրա կողմից կարող է սպառվել նաև սպառման համակարգի տեղակայման տարածքից դուրս գտնվող և իրեն պատկանող ավտոկայանատեղիում ու որպես ինքնուրույն գույքային միավոր գրանցված բնակելի նշանակության այլ տարածքում, որի սպառման համակարգի միացումը սպառողի սպառման համակարգին իրականացվում է սպառողի կողմից՝ գործող նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան: 


«Նախագիծը նախատեսում է էլեկտրամոբիլների լիցքավորման համար ստեղծել նոր հնարավորություններ՝ նույն սպառողի համար տեխնիկական հնարավորությունների դեպքում ապահովելով լիցքավորման կայանի միացումը էլեկտրական ցանցին առանց հավելյալ միացման վճարի»,–նշել է նախագծի համահեղինակ Ծովինար Վարդանյանը: 


Նախագծով հստակ ամրագրվում է, որ էլեկտրամոբիլների լիցքավորման ծառայությունը լիցենզավորման ենթակա գործունեություն չէ և, որ յուրաքանչյուր անձ կարող է նման ծառայություն մատուցել: 

Քաղաքականություն

Պատահարներ