Եվրախորհրդարանում նախաձեռնվում է նոր քվեարկություն՝ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին անվստահություն հայտնելու համար

Եվրախորհրդարանի ծայրահեղ աջ և ծայրահեղ ձախ ուղղվածության խմբակցությունները մտադիր են խնդրել նոր քվեարկություն անցկացնել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին անվստահություն հայտնելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է Politico-ն։


Նախաձեռնություններից մեկը պատրաստել է աջ և ծայրահեղ աջ քաղաքական գործիչներին միավորող «Հայրենասերները՝ Եվրոպայի համար» խումբը: Խմբակցությունում մասնավորապես դժգոհ են Միացյալ Նահանգների հետ ֆոն դեր Լյայենի կնքած առևտրային համաձայնագրից։ Քվեարկության առանձին հայտ են մտադիր ներկայացնել ձախերը, որոնց առևտրային հարցերից բացի մտահոգում է Գազայի հատվածում հակամարտության նկատմամբ Եվրահանձնաժողովի անգործությունը:


Politico-ի փոխանցմամբ ֆոն դեր Լյայենը վայելում է Եվրախորհրդարանի պատգամավորների մեծամասնության աջակցությունը, ուստի նրան անվստահություն հայտնելու հավանականությունը փոքր է։ Սակայն, կենտրոնամետ դաշինքները կարող են ֆոն դեր Լյայենից զիջումներ կորզելու հնարավորություն ստանալ, ինչպես դա արեցին անվստահության վերաբերյալ  վերջին քվեարկության ժամանակ։


Հավելենք՝ հուլիսին Եվրախորհրդարանում տեղի էր ունեցել Եվրահանձնաժողովի նախագահին անվստահություն հայտնելու քվեարկություն: Այն ժամանակ նախաձեռնությանն աջակցել էին 175 պատգամավորներ, դեմ էին արտահայտվել 360-ը, իսկ 18-ը ձեռնպահ էին մնացել։

Քաղաքականություն