
Կապահովվի էլեկտրամոբիլների լիցքավորմանն առնչվող հարաբերությունների իրավական հստակությունը. նախագիծ

Խոորհրդարանը քննարկում է ԱԺ պատգամավորներ Ծովինար Վարդանյանի, Արուսյակ Մանավազյանի և Ալեն Սիմոնյանի ներկայացրած՝ «Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող Ծովինար Վարդանյանի խոսքով՝ տվյալ նախագիծը նախատեսում է հիմնական երեք կարգավորում:
«Վերջին տարիներին պետական քաղաքականության շնորհիվ Հայաստանում էապես ավելացել է էլեկտրամոբիլների քանակը, ինչով պայմանավորված, նույն քաղաքականությանը համահունչ, առկա է դրանց լիցքավորմանն առնչվող հարաբերությունների իրավական հստակության ապահովման և գործընթացի դյուրացման անհրաժեշտություն:
Էլեկտրամոբիլների լիցքավորումը էներգետիկայի բնագավառում կարգավորման ու լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ չէ, անձինք ազատ են՝ վերաբերելի այս օրենսդրական ակտերի պահպանմամբ մատուցելու այդ ծառայությունը: Գործող «Էներգետիկայի մասին» օրենքում, սակայն, այս մասով հստակ դրույթ չկա»,- հայտնեց Վարդանյանը:
Նրա խոսքով՝ հատկապես բազմաբնակարան շենքերում ապրողների համար առկա են էլեկտրամոբիլների լիցքավորման բարդություններ:
«Մասնավորապես, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան իրենց ավտոկայանատեղիում լիցքավորելու ավտոմեքենան, պետք է դիմեն էլեկտրաէներգիայի բաշխման ծառայություն մատուցող անձին՝ այդ ավտոկայանատեղիի սպառման համակարգը միացման վճարի դիմաց էլեկտրական ցանցին միացման համար, ապա կնքեն էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագիր՝ սպառման այդ կետի մասով ևս դառնալով առանձին բաժանորդ:
Նշվածը բնականաբար ծախսատար և ժամանակատար գործընթաց է, որի անհրաժեշտությունը հաճախ պարզապես բացակայում է, քանի որ անձանց բնակարանների՝ արդեն իսկ ցանցին միացված սպառման համակարգերի հզորությունը հիմնականում բավարարում է թե՛ բնակարանի էլեկտրամատակարարման ապահովման, թե՛ էլեկտրամոբիլի լիցքավորման համար:
Առաջարկում ենք ամրագրել, որ յուրաքանչյուր անձի, այդ թվում՝ սպառողի կողմից հնարավոր է մատուցել էլեկտրամոբիլների լիցքավորման ծառայություն, որը չի հանդիսանում էլեկտրաէներգետիկայի բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ և նշված օրենքի մասով կարգավորման ենթակա չէ, ինչպես նաև հնարավորություն ստեղծել սպառողի համար՝ իրեն մատակարարած էլեկտրաէներգիան սպառել նաև սպառողի սպառման համակարգի տեղակայման տարածքից դուրս գտնվող և իրեն պատկանող ավտոկայանատեղիում ու որպես ինքնուրույն գույքային միավոր գրանցված բնակելի նշանակության այլ տարածքում՝ գործող պահանջներին համապատասխան՝ ինքնուրույն իրականացնելով այդ համակարգերի՝ միմյանց միացումը»,- պարզաբանեց Ծովինար Վարդանյանը:
Նրա խոսքով՝ նշված իրավակարգավորումների ամրագրման արդյունքում կապահովվի էլեկտրամոբիլների լիցքավորմանն առնչվող հարաբերությունների իրավական հստակությունը և սպառողների համար կհեշտացվի ինչպես հիշյալ գործընթացը, այնպես էլ նրանց պատկանող կենցաղային կարիքների համար նախատեսված տարածքների էլեկտրամատակարարման ապահովումը: