Բելառուսի կողմից ստեղծված լրտեսական ցանցը չեզոքացվել է. ուշագրավ մանրամասներ

Չեխիայի, Հունգարիայի և Ռումինիայի իշխանությունները հատուկ գործողության արդյունքում բացահայտել և չեզոքացրել են Բելառուսի կողմից ստեղծված լրտեսական ցանցը։ Գործի շրջանակում Չեխիայից արտաքսվել է այդ ցանցի հետ առնչություն ունեցած բելառուս դիվանագետ։


Չեխական հատուկ ծառայությունների տվյալներով՝ լրտեսական ցանցը ստեղծվել է Բելառուսի պետական անվտանգության կոմիտեի (ԿԳԲ) կողմից և գործել է մի շարք եվրոպական երկրներում։


«Եվրոպական հետախուզական ծառայությունների համատեղ խումբը բացահայտել է ԿԳԲ-ի աշխատակիցներին և նրանց օժանդակողներին, այդ թվում՝ Մոլդովայի անվտանգության և տեղեկատվության ծառայության (SIS) նախկին փոխտնօրենին»,- նշվում է Չեխիայի անվտանգության և տեղեկատվության ծառայության (BIS) հայտարարությունում։


Նաև նշվում է, որ բացահայտված անձը Մոլդովայի քաղաքացի է և մեղադրվում է 2024 թվականից ի վեր Բելառուսի ԿԳԲ-ին վարձատրության դիմաց գաղտնի տեղեկություններ փոխանցելու մեջ։


Եվրոպական միության արդարադատության ոլորտում համագործակցության գործակալությունը (Eurojust) տեղեկացրել է, որ Մոլդովայի կասկածյալ քաղաքացու նկատմամբ իրականացվում է հետաքննություն «պետական դավաճանության» մեղադրանքով․ նրան մեղադրում են երկար ժամանակ գաղտնի պետական տեղեկություններ փոխանցելու մեջ։ Չեխիայի անվտանգության և տեղեկատվության ծառայության (BIS) ներկայացուցիչ Լադիսլավ Ստիչը AFP գործակալությանը հայտնել է, որ արտաքսված բելառուս դիվանագետն ու ձերբակալված Մոլդովայի քաղաքացին ուղղակի կապ չեն ունեցել միմյանց հետ։


Գործի նյութերի համաձայն՝ Մոլդովայի կասկածյալ քաղաքացին 2024 և 2025 թվականներին Բուդապեշտում երկու անգամ հանդիպել է Բելառուսի ԿԳԲ-ի հետախուզության աշխատակիցների հետ։


Հատուկ գործողությանը մասնակցած եվրոպական հատուկ ծառայությունների ներկայացուցիչների գնահատմամբ՝ Բելառուսին հաջողվել է Եվրամիության տարածքում ստեղծել լրտեսական ցանց՝ օգտվելով Եվրոպայում տեղաշարժի ազատության հնարավորությունից։

Քաղաքականություն