Խոսյի համայնքապետը և ՆԳՆ նախարարը մանրամասներ են ներկայացրել ոստիկանի ծեծելու դեպքից

Ծեծկռտուքը տեղի է ունեցել, բայց ես մասնակցություն չեմ ունեցել. ծեծկռտուքի մասնակիցները բոլորը մի համայնքի բնակիչներ են, բոլորը իրար բարեկամներ են, ազգականներ են, քույր, եղբոր, թոռներ են ու միջադեպը տեղի է ունեցել պարեկի հետ մեքենան արագ վարելու պատճառով։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշել է Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիգ Յայլոյանը։


«Պարեկը ծառայության չի եղել, իր սեփական մեքենայով է եղել։ Պարեկի կողմից ոչ ադեկվատ պահվածքից է սա եղել և միջադեպը եղել է չորս երիտասարդների հետ, որոնցից մեկը իմ եղբոր որդին է։


Միջադեպը, իմ տեղեկություններով, եղել է օգոստոսի 31-ին, գիշերը 12–ն անց, կոնկրետ ժամ չգիտեմ։ Ես դեպքի մասին իմացել եմ հաջորդ օրը, երբ աշխատանքի եմ եղել։ Մեկը իմ եղբորորդին է եղել, մյուսները էլի իրար բարեկամներ են՝ եղբոր քրոջ թոռներ։


Ներանձնային վիճաբանություն է եղել, արագ քշելու, վատ պահվածքի հետ կապված։ Մանրամասն չեմ կարող ասել, քանի որ նախաքննություն է գնում, չեմ ուզում որևէ կողմին դրական կամ բացասական գնահատական տալ։


Երևույթը շատ վատ է, բացասական եմ վերաբերվում, որ ստեղծվել է նման իրավիճակ, քանի որ նաև բարեկամների մեջ է այդ ամեն ինչը տեղի ունեցել ։ Վստահ եմ, որ այս ամեն ինչը հարթվելու է, ուղղակի որոշ պրոպագանդիստներ հնչեղություն են տվել այս ամեն ինչին՝ կապելով անմիջական իմ անձի հետ։ Ես ոչ մի տեղ չկամ ու իմ հետ կապված ընդհանրապես ոչ մի հարց չկա։ Ոչ բողոքների ժամանակ, ոչ իրենց առերեսումների ժամանակ, ոչ նախաքննության ընթացքում չի շեշտվել իմ անունը»,–ասել է Յայլոյանը։


Հարցին՝ դեպքի ժամանակ որտե՞ղ է եղել, նա պատասխանել է. «Տանն եմ եղել դեպքի ժամանակ, իմ տանը տեսախցիկները կան, հաջորդ օրը առավոտյան եղել եմ համայնքապետարանում տեսախցիկները կան, թե մինչև ժամը քանիսն եմ եղել։ Եթե կարիքը կլինի, ես պատրաստակամ եմ այդ ամեն ինչը տրամադրելու»։


Համայանքապետը նշել է, որ այդ միջադեպով կան ձերբակալվածներ. «Ձերբակալվածները բոլորը իրար հարազատներ են, այդ չորս երիտասարդներն են, եղբայրս է, եղբորս որդին է, մեկ էլ մնացած մեր էլի բարեկամներից են։ Պարեկի հետ էլ բարեկամներ են բոլորը։ Պարեկը իմ հորեղբոր թոռն է, հորեղբորս աղջկա տղան է։ Եղբորս որդին 19 տարեկան է, այդ 4–ի մեջ կա անչափահաս՝ 16 տարեկան, մյուս երկուսն էլ 22-23 տարեկան են։



Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիգ Յայլոյանի կողմից ոստիկանին ծեծելու լուրերին նշել է, որ մինչև այս պահը տեսախցիկների զննության և հարցաքննությունների արդյունքում որևէ փաստական տվյալ ձեռք չի բերվել, որ համայնքապետը ներգրավված է եղել։


«Հետագա վարույթի արդյունքների մասին քննչական կոմիտեն կիրազեկի։ Ուզում եմ, որ եթե որևէ անձ ներգրավված է լինում, հավատաք պաշտոնական տեղեկատվությանը, քանի որ կա վարույթ, և մենք հենվում ենք վարույթով ձեռք բերված տեղեկատվության վրա»,– ասել է Սարգսյանը։


Միևնույն ժամանակ ՆԳ նախարարը չի հերքել, որ միջադեպ եղել է և վստահեցրեց՝ հետամուտ են լինելու մանրամասների բացահայտման գործում։ Թե ինչ է սպասում ձերբակալվածներին, որոնց մեջէ նաև Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիգ Յայլոյանի եղբոր 16–ամյա որդին, Արփինե Սարգսյանը չպատասխանեց` նշելով, որ գործն արդեն ՀՀ քննչական կոմիտեում է։


Հիշեցնենք, որ երեկ լուրեր տարածվեցին, որ Արմավիրի մարզի Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիգ Յայլոյանն ու եղբայրը Շահումյան գյուղում միջադեպի մասնակից են եղել ու ծեծել են ոստիկանության ծառայողի։

Քաղաքականություն

Պատահարներ