
Մեսրոպ Մաշտոցին այբբենարանից հանել են՝ «դարձնելով» QR կոդ. «Ժողովուրդ»

Սեպտեմբերի 1-ին Հայաստանում հնչեց ուստարվա առաջին զանգը՝ առանց մի շարք դասագրքերի, իսկ այբբենարանից ընդհանրապես հանված են Հայոց գրերի գյուտի եւ Մաշտոցի մասին տեղեկությունները: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Օրաթերթը ահազանգ է ստացել, որ հասարակական գործիչ Կարին Տոնոյանը պահանջում է բացատրություն, թե ինչու է ստացվել այնպես, որ առաջին դասարանի այբբենարանի դասագրքից բացակայում է հայոց այբուբենի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի ե՛ւ նկարը, ե՛ւ հայոց գրերի գյուտի մասին հատվածները։
Գրքի հեղինակներից Աստղիկ Բալայանը ստիպված խոստովանական հայտարարություն տարածել. «Հարգելի՛ տիկին Կարին Տոնոյան, ինչ խոսք, միանգամայն ընդունելի է Ձեր դիտարկումը, որ Հայոց այբուբենը ստեղծողի նկարը պետք է լինի սովորողների առաջին դասագրքում, եւ, անկասկած, այդ բացը կլրացվի ԱՅԲԲԵՆԱՐԱՆԻ հաջորդ հրատարակությունում։ Շնորհակալություն անչափ արժեքավոր դիտարկման համար…
Սակայն ուզում ենք վստահեցնել, որ Մեսրոպ Մաշտոցը մեր դասագրքի սրտում է. մենք ընտրել ենք նրան ներկայացնելու այլ տարբերակներ եւս՝ կերպարը բացահայտելով առաջին երեք տառերը սովորելուց հետո. «է» տառը սովորելուց անմիջապես հետո այբբենարանի էջ 23-ի QR կոդի ներքո տեղադրված տեսանյութի միջոցով երեխաները տեսնում են նրա նկարները, լսում տառերի ստեղծման եւ Մեսրոպ Մաշտոցի հայրենանվեր գործի նպատակների մասին։ Այբուբենի բոլոր տառերն անցնելուց հետո սովորողները էջ 104-ի QR կոդի ներքո տեղադրված երգի միջոցով այբբենական կարգով դասավորում են տառերը՝ մինչ այդ լսելով Մեսրոպ Մաշտոցի եւ նրա ստեղծած այբուբենի մասին»,- գրել է Բալայանը։
«Ասել է թե՝ Մեսրոպ Մաշտոցը այբբենարանի սրտում է, այլ ոչ թերթերում:
Դասագիրքը լցված է QR-ներով, իսկ դպրոցներում հեռախոսով դաս անելը կարծես թե դառնում է սովորություն, ինչը, ըստ բժիշկների, խիստ վտանգավոր է երեխաների տեսողության համար։
Ստացվում է, որ նախարարությունը եւ Ժաննա Անդրեասյանը կորցրել են մայրենի լեզվի եւ հայոց պատմություն տանող ուղու քարտեզը։ Խճճվել հայկական իրենց հնարած իրականության մեջ, որտեղ «Տիկտոկ»-ն ու «Ինստագրամ»-ն են դոմինանտ, սրբազան ու կարեւոր: Մնացածը լիրիկա են»,- գրում է օրաթերթը։