
4-րդ օրը հրշեջներին հաջողվել է մարել Արզական գյուղում բռնկված հրդեհը

Հրշեջ-փրկարարները մարել են Արզական գյուղում բռնկված հրդեհը․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մոտակա տներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է սեպտեմբերի 1-ին, ժամը 06։55-ին, մարվել` սեպտեմբերի 3-ին, ժամը 18։26-ին։ Այրվել է խոտածածկույթ։
Հիշեցնենք` օգոստոսի 31-ին, ժամը 10:44-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Արզական գյուղին հարակից սարում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր էին մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատների մարտական հաշվարկներ, օպերատիվ խմբեր և ջրատարներ։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչություններից շուրջ 100 փրկարարական ծառայող, Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի, էկոպարեկային ծառայության, անտառտնտեսության աշխատակիցներ և Արզական գյուղի բնակիչներ։