Մեքսիկայի սահմանին գտնվող պատը ներկեք սև, որ ներգաղթյալները չբարձրանան դրա վրայով․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է Մեքսիկայի հետ սահմանին գտնվող պատը ներկել սև։


«Այն կտաքանա արևի տակ, ինչը կխանգարի անօրինական ներգաղթյալներին բարձրանալ դրա վրայով»,- ասել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը։


ԱՄՆ-Մեքսիկա սահման կատարած իր այցի ժամանակ Նոեմը լրագրողներին ասել է, որ «Պատը բարձր է և շատ դժվար է բարձրանալ դրա վրայով, գրեթե անհնար է։ Այն նաև խորը փորված է գետնի մեջ, և դժվար է դրա տակ թունել փորել։ Եվ հիմա մենք այն սև ենք ներկելու»։


Նոեմը նաև ասել է, որ այս հրամանը ստացել է երկրի նախագահից, ով հասկանում է, որ այստեղ բարձր ջերմաստիճաններում ցանկացած սև բան ավելի տաքանալու է, հետևաբար ավելի դժվար կլինի բարձրանալ դրա վրայով։


Նախարարը հիշեցրել է, որ Կոնգրեսն ընդունել է բյուջետային օրենքներ, որոնք նախատեսում են սահմանին շինարարական աշխատանքների, այդ թվում՝ ջրային սահմանային արգելապատնեշների, զգալի ֆինանսավորում։


Իր հերթին, սահմանային պարեկության ղեկավար Մայք Բենքսը նույն մամուլի ասուլիսում խոսել է պատը տեսահսկման համակարգով և սեյսմիկ սենսորներով հագեցնելու ծրագրերի մասին։

Քաղաքականություն