
Զելենսկին Թրամփի հետ զրույցում կոչ է արել ավելի խիստ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ

Այսօր, նախագահ Թրամփի հետ զրույցից հետո, մենք մեր դիրքորոշումները համակարգեցինք եվրոպացի առաջնորդների հետ։ Այս մասին իր թելեգրամյան ալիքում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Դիրքորոշումները հստակ են։ Մենք պետք է հասնենք իրական խաղաղության, որը երկարատև կլինի և չդառնա ռուսական ներխուժումների միջև ևս մեկ դադար։ Մենք պետք է հնարավորինս շուտ դադարեցնենք սպանությունները, դադարեցնենք կրակը թե՛ մարտադաշտում, թե՛ երկնքում և մեր նավահանգստային ենթակառուցվածքների դեմ։ Մենք պետք է ազատ արձակենք բոլոր ուկրաինացի զինվորական և քաղաքացիական ռազմագերիներին և վերադարձնենք Ռուսաստանի կողմից առևանգված երեխաներին։ Մեր հազարավոր մարդիկ դեռևս գերության մեջ են, նրանք բոլորը պետք է վերադարձվեն իրենց տները։ Մենք պետք է շարունակենք ճնշումը Ռուսաստանի վրա, քանի դեռ շարունակվում են ագրեսիան և օկուպացիան»,- նշել է նա։
«Նախագահ Թրամփի հետ իմ զրույցի ժամանակ ես ասացի, որ պատժամիջոցները պետք է խստացվեն, եթե եռակողմ հանդիպում չլինի կամ եթե Ռուսաստանը խուսափի պատերազմի ազնիվ ավարտից։ Պատժամիջոցներն արդյունավետ գործիք են։ Մենք պետք է հուսալիորեն և երկարաժամկետ երաշխավորենք անվտանգությունը՝ Եվրոպայի և Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Ուկրաինայի համար կարևոր բոլոր հարցերը պետք է քննարկվեն Ուկրաինայի մասնակցությամբ, և ոչ մի հարց, այդ թվում՝ տարածքային, չի կարող լուծվել առանց Ուկրաինայի։
Շնորհակալություն գործընկերներին, ովքեր օգնում են։ Այսօր եվրոպացի առաջնորդների կողմից կարևոր հայտարարություն է արվել, որն ամրապնդում է մեր դիրքորոշումը։ Եկեք շարունակենք միասին աշխատել՝ եվրոպացիներ, ամերիկացիներ, աշխարհի բոլոր նրանք, ովքեր ցանկանում են խաղաղություն և անդորրություն միջազգային հարաբերություններում»,- ավելացրել է Զելենսկին։