
Ռազմագերիների փոխանակում` Ռուսաստանի և Ուկրաինայի միջև

Ուկրաինան Ռուսաստան է վերադարձրել 84 ռուս զինծառայողների, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Փոխարենը, Կիևին է հանձնվել Ուկրաինայի զինված ուժերի 84 ռազմագերի։ Ինչպես ընդգծել է գերատեսչությունը, փոխանակումը տեղի է ունեցել ԱՄԷ-ի միջնորդությամբ։
Ուկրաինան դեռևս չի մեկնաբանել փոխանակման մասին հաղորդագրությունը։
Հիշեցնենք` Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները համաձայնության եկան փոխանակման վերաբերյալ հունիսի սկզբին Ստամբուլում կայացած բանակցությունների ժամանակ: Բանակցությունները ներառում էին 18-ից 25 տարեկան ծանր վիրավորված զինվորների և գերիների փոխանակում, ինչպես նաև պատերազմում զոհված զինվորների մարմինների հանձնում: Փոխանակումները սկսվել են հունիսի 9-ին: Յուրաքանչյուր փուլում ազատ արձակված ռազմագերիների թիվը չի հրապարակվել: Նախորդ փոխանակումը տեղի է ունեցել հուլիսի 4-ին: