
Սոնա Մնացականյանի հայրը դատարանում 10 մլն դրամ է պահանջել՝ ծախսերի փոխհատուցման համար

Պետք է նաև անցորդների նկատմամբ կարողանան անվտանգություն ապահովել, անցորդները ՀՀ քաղաքացի՞ չեն, որ անվտանգություն ապահովեն: Ի՞նչ է նշանակում անվտանգությունից ելնելով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում, դատական նիստից հետո, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի հետևանքով մահացած հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի հայրը՝ անդրադառնալով շարասյան արագ ընթացքին:
«Ընդունված արտահայտություն կա՝ փաստաբանն ամեն եղանակով կարող է պաշտպանել իր մեղադրյալին, բայց բարոյական նորմերի մասին չեմ ասում, փաստաբանն այդ նորմերը շրջանցել է, հաշվի չի առել։ Դուք ինքներդ դատեք, յոթ ամսական հղին կարո՞ղ է գնար ինքնուրույն քաղաքական ակցիա աներ, մանավանդ իմ աղջիկը, որ Հայաստան նոր էր եկել, դրսում էր աշխատում: Ի՞նչ քաղաքական ակցիա: Քաղաքականն այն է, որ աղջիկս հավատալով Հայաստանում կատարող փոփոխություններին, Դանիայի նման երկիրը թողեց, եկավ Հայաստան դուստր ձեռնարկություն բացեց», - նշել է Մնացականյանը։
Նա, փոխհատուցման համար, դատարանում պահանջեց 10 մլն դրամ՝ հուշաքարի և գերեզմանի վերանորոգման աշխատանքների համար:
Լրագրողի հարցին՝ արյդո՞ք տուժող կողմը գոհ է դատական ընթացքին, Մնացականյանը պատասխանեց՝ դեռևս գոհ եմ, մի քանի անգամ տուժողի դատապաշտպանի հետ կապված անհիմն ձևով հետաձգվել են դատական ակտերը, ինձ թվում է անում են, որ ժամանակ շահեն, հինգ տարին լրանա, վաղեմության ժամկետը անցնի:
Ավելի վաղ հայտնել էինք` լրագրողնրի հարցերին ի պատասխան նշել է Արամ Նավասարդյանը՝ հրաժարվելով մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե ավտոշարասյունը ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ ՀՀ վարչապետին էր ուղեկցում. «Բառ չունեմ խոսելու, վերջացրե՛ք։ Ես խոսելու ցանկություն չունեմ»: