Ռուսաստանը սկսել է զորքեր տեղակայել Բելառուսում

Ռուս զինծառայողներով և տեխնիկայով առաջին էշելոնը ժամանել է Բելառուս՝ «Արևմուտք-2025» համատեղ ռազմավարական զորավարժություններին մասնակցելու համար։ Դրանք տեղի կունենան սեպտեմբերին։ Այս մասին հայտնել է հանրապետության պաշտպանության նախարարությունը։ Հյուսիս-Արևմտյան օպերատիվ հրամանատարության զորքերի հրամանատարի տեղակալ Պավել Շեբեկոն, որը դիմավորել է ռուսներին՝ հայտնել է, որ զորավարժությունների ընթացքում նախատեսվում է մշակել ցամաքային զորքերի զորամասերի ստորաբաժանումների կիրառման նոր ձևեր և մեթոդներ՝ հիմնված ժամանակակից ռազմական կոնֆլիկտների վերլուծության վրա։


«Արևմուտք-2025» զորավարժությունները պարբերաբար անցկացվում են երկու տարին մեկ անգամ։ Առաջիկա միջոցառումներին պետք է մասնակցեն 13 հազար զինծառայողներ։


Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը հայտնել էր, որ զորավարժությունները տեղի կունենան երկու պետությունների տարածքում միաժամանակ, իսկ զինծառայողները պետք է մշակեն «Միութենական պետության դեմ ագրեսիան հետ մղելու համատեղ գործողությունների տարբերակներ»՝ մի քանի ռազմավարական ուղղություններով։ Սակայն  նրա բելառուս գործընկեր Վիկտոր Խրենինը հայտարարել էր, որ «Արևմուտք-2025»-ի պարամետրերը կնվազեցվեն, իսկ բուն զորավարժությունները ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի հետ սահմաններից կտեղափոխվեն հանրապետության խորքը։


Նրա խոսքով՝ դա կարվի «տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու, Բելառուսի խաղաղասեր դիրքորոշումը և ամբողջ աշխարհի գործընկերների հետ երկխոսության ու փոխզիջումների պատրաստակամությունը ցույց տալու համար»։


Ավելի ուշ Բելառուսի հանրապետության Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը հայտարարել է, որ որոշումը համաձայնեցվել է Ռուսաստանի հետ, քանի որ դրանք համատեղ զորավարժություններ են, որոնց մտահղացումը հաստատվում է երկու պետությունների ղեկավարների կողմից։ Նա վստահեցրել է, որ դա նշանակում է, որ ոչ Ռուսաստանը, ոչ Բելառուսը չեն դիտարկում Լեհաստանին և Բալթյան երկրներին (Լիտվա, Լատվիա, Էստոնիա) որպես զավթման օբյեկտ։

Քաղաքականություն

Պատահարներ