«Վեոլիա Ջուրը»՝ Երևանի մի շարք հատվածներում ջրանջատումների ու մարդկանց բողոքների մասին

Auroranews-ի խմբագրություն են դիմում Երևանի տասնյակ քաղաքացիներ և բողոքում «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատանքից։ Այս անգամ մեզ դիմել են Նոր Նորք, Նոր Մարաշ,  Քանաքեռ-Զեյթուն, Մալաթիա-Սեբաստիա, Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջանների բնակիչները։ Ահազանգերի հետ կապված զրուցեցինք ընկերության ներկայացուցչի հետ: «Վեոլիա Ջուր» ընկերությունից մասնավորապես ասել են. 


«Հանրապետությունում գրանցված աննախադեպ բարձր ջերմաստիճանով, ինչպես նաև ջրասպառման պիկով պայմանավորված՝ Երևանի որոշ հատվածներում նկատվում են ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ: Առավել խոցելի են հատկապես Նոր Նորք վարչական շրջանի 3-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ զանգվածները, Նոր Մարաշ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների որոշակի հատվածները, Ջրվեժ գյուղը:

Խնդիրն այն է, որ այս օրերին կտրուկ ավելացել են ջրի սպառման ծավալները, խմելու ջուրը ոռոգման նպատակով օգտագործելու դեպքերը, ինչը համընկել է ջրաղբյուրների ջրատվության նվազման հետ: Նշենք, որ վերը նշված վարչական շրջանները սնվում են բացառապես «Կաթնաղբյուր» ջրատարներից և տեղանքի առանձնահատկություններից ելնելով, տեխնիկապես անհնար է ջուր մղել այս տարածքներ այլ աղբյուրներից:

Հավատացնում ենք, որ Վեոլիա Ջուրը գիտակցում է ստեղծված իրավիճակի լրջությունն ու ողջ պատասխանատվությունը: Թիմն աշխատում է շուրջօրյա, ամենօրյա աշխատանք է տանում ջրակորուստները կանխելու և այդ ջրաքանակը ևս համակարգ ներգրավելու համար: Ամեն մարդ իր տեղում է, մոբիլիզացվել են բոլոր ռեսուրսները, աղբյուրներից, պատկերավոր ասած, քամվում է ամբողջ ջրաքանակը:

Հայցում ենք Ձեր ներողամտությունը և հավատացնում, որ ստեղծված իրավիճակը ժամանակավոր է և արվում է հնարավոր ամեն ինչ նշված տարածքներում ջրամատակարարումը հնարավորինս շուտ կարգավորելու համար:


-


«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ տարիներ շարունակ Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի որոշ բնակավայրերում ջրամատակարարումն իրականացվել է բացառապես Արարատյան խորքային հորերից, որոնք ի սկզբանե նախատեսված են եղել տվյալ տարածքի ջրամատակարարումն ապահովելու համար:

2017 թ.-ի հունվարից «Վեոլիա Ջուր» Ընկերությունը, ստանձնելով ՀՀ ողջ տարածքի ջրամատակարարումը, որոշակի տեխնիկական լուծումներ տալով, փորձել է բարելավել տվյալ և հարակից տարածքների ջրամատակարարումը և սկսել է այստեղ իրականացնել ջրամատակարարում Գառնու, Արզականի աղբյուրներից, որոնք իրենց զգայորոշական ցուցանիշներով տարբերվում են խորքային հորերի ջրերի որակական ցուցանիշներից:

Ամռան ամիսներին, շոգ եղանակի հետ կապված, ջրապահանջի ծավալների աճով պայմանավորված մեծանում է ջրասպառումը, և Գառնու, Արզականի աղբյուրների ջուրը ուղղակիորեն չի բավականացնում տվյալ տարածքի ջրամատակարարումն ապահովելու համար, ուստի Մասիսի տարածաշրջանի որոշ բնակավայրերում, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա, Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջանների որոշ հատվածներում ջրամատակարարումն իրականացվում է Արարատյան խորքային հորերից:

Ճիշտ է, վերջիններիս ջրի որակն իր զգայորոշական և ֆիզիկաքիմիական հատկություններով զիջում է լեռնային աղբյուրների ջրին, սակայն միանգամայն համապատասխանում է սանիտարական կանոնների և նորմերի պահանջներն:

Ամռան վերջին, ջրասպառման ծավալների կրճատմանը զուգահեռ, նորից անցում է կատարվում Գառնու, Արզականի ջրաղբյուրներով ջրամատակարարմանը: Տեղեկացնում ենք նաև, որ այս ժամանակահատվածում ևս առաջին իսկ հնարավորության դեպքում Արարատյան ջրաղբյուրին պարբերաբար ավելացվում է Գառնու, Արզականի աղբյուրի ջրերից:

‹‹Վեոլիա Ջուր›› ՓԲԸ-ի համար խմելու ջրի որակը առաջնային խնդիրներից մեկն է, և հնարավոր ամեն քայլ ձեռնարկվում է այն ՀՀ-ում գործող սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին համապատասխան պահելու համար»։