Ռուսաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի ԱԽ-ն Ուկրաինայի հարցով նիստ է անցկացրել

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ երկրներն այսօր Ուկրաինայի հարցով նիստ են անցկացրել, որը նախաձեռնել է Ռուսաստանը։ Համաշխարհային կազմակերպությունը ներկայացրել է նիստի մանրամասները։


ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին հայտարարել է, որ ռուսական պատվիրակությունը նիստ է նախաձեռնել, որպեսզի անվտանգության խորհրդի ուշադրությունը հրավիրի այն գործողությունների ու հայտարարությունների վրա, որոնք այս կամ այն կերպ խաթարում են ուկրաինական ճգնաժամի դիվանագիտական լուծման հեռանկարները։


Պոլյանսկու խոսքով՝ Ռուսաստանն ի սկզբանե չի առարկել դիվանագիտության հնարավորություններին, որոնց մասին այսօր խոսում են Արևմուտքում:


Հիշեցնելով ստամբուլյան բանակցությունների վերսկսման մասին՝ Պոլյանսկին նշել է, որ մարդասիրական հարցերի վերաբերյալ ավելի վաղ քննարկված բոլոր պայմանավորվածությունները կատարվել են:


ՌԴ ներկայացուցիչը հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամն ընդամենը ածանցյալն է ավելի լայն ճգնաժամի, որն առաջացել է անվտանգության ոլորտում ռուսական շահերն անտեսած Արևմուտքի երկրների բազմամյա ջանքերի հետևանքով։


«Այդ ուղղությամբ նույնպես պետք է ինչ-որ բան անել, հուսով ենք` Եվրոպայի և Ամերիկայի առողջ ուժերն ավելի դրական քայլեր կձեռնարկեն, քան Ռուսաստանի դեմ հերթական պատժամիջոցները, որոնց վաղուց հարմարվել ենք։ Հակառակ դեպքում Եվրոպայում և ամբողջ աշխարհում տիրող իրավիճակը չի կայունանա, և մենք այդպես էլ դուրս չենք գա էսկալացիայի և սպառնալիքների այս արատավոր շրջանից», – ասել է նա։


ՌԴ ներկայացուցիչը Արևմուտքի երկրներին հորդորել է սահմանափակելու փոխարեն համագործակցել:


ԱՄՆ ներկայացուցիչ, ՄԱԿ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի տեղակալ Ջոն Քելլին իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահը հրադադարի հաստատման ժամկետ է նշել։


«Նախագահ Դոնալդ Թրամփը հասկացրել է, որ ռազմական գործողությունների ավարտը պետք է տեղի ունենա մինչև օգոստոսի 8-ը», - ասել է նա՝ հավելելով, որ Վաշինգտոնը պատրաստ է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել խաղաղություն ապահովելու համար:


Դիվանագետը հիշեցրել է ԱՄՆ նախագահի` հուլիսի 14-ի հայտարարությունն այն մասին, որ իր երկիրը պաշտպանական սպառազինություն կվաճառի ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, որոնք հետո կկարողանան այդ սպառազինությունն այլ տեղ ուղարկել:


«Ռուսաստանի Դաշնությունն ու Ուկրաինան պետք է պայմանավորվեն հրադադարի և կայուն խաղաղության շուրջ», - ասել է ԱՄՆ ներկայացուցիչը:

Քաղաքականություն