
Ադրբեջանը արգելել է Կարմիր խաչի այցելությունները հայ գերիներին. «Ժողովուրդ»

Ադրբեջանի իշխանությունները որոշել են փակել Կարմիր խաչի գրասենյակն ու ընկերության որևէ ներկայացուցչի թույլ չտալ այցելել հայ գերիներին: Այս մասին հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Օրաթերթը հայ գերիների ընտանիքների անդամներից տեղեկացավ, որ ադրբեջանական կողմը արգելել է այսուհետև այցելել հայ գերիներին, այդ թվում՝ հայ ռազմաքաղաքական գերիներին:
Ըստ օրաթերթի ռազմաքաղաքական գերիների հարազատներին Կարմիր խաչի գրասենյակից տեղեկացրել են՝ եթե ամիսը մեկ թույլատրված էր իրենց այցելել գերիներին, տեսակապով մի քանի րոպե կապ հաստատել հարազատների հետ, հիմա ադրբեջանական կողմը կտրականապես արգելել է այդ այցելությունները: Գերիների հարազատները հայտնվել են փակուղում. եթե գեթ մեկ հույս կար գոնե Կարմիր խաչի միջոցով կապ հաստատելու գերեվարվածների հետ, հիմա այդ հույսն էլ մարեց:
Հիշեցնենք, որ Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ը հայտնվել են այնտեղ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի՝ սեպտեմբերյան ագրեսիայից հետո: Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները. նրանք արդեն երկու տարուց ավելի է, ինչ ապօրինի պահվում են Բաքվի բանտում: Շատ ծնողներ պնդում են, որ հայկական կողմից գերիներն իրականում ավելի շատ են, պարզապես Ադրբեջանը չի ընդունում այդ փաստը։