Տաքսիստների նկատմամբ խստացված վերահսկողություն են իրականացրել «Զվարթնոց» օդանավակայանում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը 2025 թ․ հուլիսի 30-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կարգախմբերի հետ խստացված վերահսկողություն է իրականացրել «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տաքսամոտորային ուղևորափոխադրումներ կատարողների նկատմամբ։


Տեսչական մարմնի Երևանի տրանսպորտային անվտանգության բաժանմունքի մասնագետները մշտադիտարկման արդյունքում հայտնաբերել են 4 տրանսպորտային միջոց, որոնք ուղևորափոխադրում են կատարել առանց համապատասխան լիցենզիայի առկայության։


Վերահսկողության արդյունքում հայտնաբերված իրավախախտ բոլոր տրանսպորտային միջոցների նկատմամբ կազմվել են համապատասխան արձանագրություններ։


Տեսչական մարմնից հիշեցնում են, որ համաձայն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 8-րդ կետի, այն է՝ «Ֆիզիկական անձանց կողմից թեթև մարդատար ավտոմոբիլներով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացումը թույլատրվում է միայն էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության միջոցով»։ Խոսքը վերաբերվում է առանց տաքսի կահավորման թեթև մարդատար ավտոմոբիլներին, իսկ եթե օգտվում են և կահավորված են որպես մարդատար տաքսի ավտոմոբիլ (առկա է տաքսի տարբերանշան), ապա նրանք ևս ենթակա են լիցենզավորման։


Նշենք` անհատ տաքսու վարորդները, ֆիզիկական անձիք լիցենզավորումից հետո ազատված են բոլոր հարկերից և տուրքերից։

Քաղաքականություն