
Հույս ունենք՝ Հայաստանն ու Ադրբեջանը կհասկանան ռիսկերը. Զախարովա

ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է ադրբեջանական ԶԼՄ-ներում ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացման տեղեկությունների մասին և անդրադարձել նաև Հայաստանին։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
«Դուք գիտեք, որ ՆԱՏՕ-ն՝ որպես դաշինք, կամ նրա առանձին անդամ պետություններն, արդեն երկար ժամանակ է, ինչ փորձում են ամրապնդվել Հարավային Կովկասում։ Դաշինքի նպատակը, կարծում եմ, ակնհայտ է։ Մենք բազմիցս խոսել ենք դրա մասին, առ այն, որ հիմնական նպատակը տարածաշրջանի երկրների պոտենցիալը և կոլեկտիվ Արևմուտքի շահերից ելնելով ռեսուրսներն օգտագործելն է, հատկապես մեր երկրի հետ աշխարհաքաղաքական դիմակայության մասով։ Այստեղ համալիր մոտեցում է։ Այսինքն՝ նրանք մեկը մյուսից չեն բաժանում»,- ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ Արևմուտքը «հետխորհրդային տարածքում հավասար հարաբերությունների կարիք չունի»։
«Նրանց պետք է ռեսուրսներ վերցնել, երկրներին միմյանց դեմ հանել, ամեն ինչ բորբոքել և իրենց պահել պարզապես որպես տիպիկ գաղութարարներ, որպես տիպիկ ստրկացնողներ, որպես տիպիկ իմպերիալիստներ։ Մենք հույս ունենք, որ տարածաշրջանի երկրները, ներառյալ Ադրբեջանը և Հայաստանը գիտակցում են ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացման ռիսկերը, որովհետև դա իսկապես ռիսկեր է պարունակում, իսկ իրավիճակը սրվում է։ Եվ բոլորին քաջ հայտնի է, թե ինչպես է դա ավարտվում։ Ամենուր, որտեղ հայտնվում է Հյուսիսատլանտյան դաշինքը՝ տիրում է առճակատում, աճում է ռազմական լարվածությունը, մոռացվում են «խաղաղություն», «կայունություն», «նորմալություն» բառերը։ Դրա փոխարեն գալիս է արևմտյան պարտադրված նոր նորմալությունը։ Դե իսկ հետո մնացած ամեն ինչ, ինչ մենք բազմիցս տեսել ենք»,- նշել է դիվանագետը։