
Վրաստանում հերքել են մաքսային հսկողության համակարգի աշխատանքում խափանումների մասին լուրերը

Վրաստանում բոլոր մաքսային ընթացակարգերն իրականացվում են անխափան, իսկ մաքսավորները մշտական կապ են պահպանում Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի գործընկերների հետ: Այս մասին հայտնում է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։
Ավելի վաղ վրացական ԶԼՄ-ները գրել էին ամբողջ երկրում մաքսային հսկողության համակարգի աշխատանքի խափանման մասին: Եկամուտների ծառայությունը հերքել է այս տեղեկությունը։
«Պետական սահմանը հատող անձանց, ինչպես նաև բեռների ներմուծման և արտահանման նկատմամբ մաքսային հսկողության բոլոր ընթացակարգերն իրականացվում են անխափան», - պարզաբանել են գերատեսչությունում:
Ընդ որում, շուրջօրյա անխափան աշխատանք ապահովելու համար երկրի բոլոր սահմանային կետերում ավելացել է մաքսային ծառայողների թիվը։
Վրաստանի տարածքով արտահանման և ներմուծման հոսքերի համատեղ կառավարման նպատակով եկամուտների ծառայության աշխատակիցները սերտ կապի մեջ են Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի մաքսային ծառայությունների հետ: