ԵՄ-ն կբարձրացնի կարճաժամկետ վիզա չունեցող զբոսաշրջիկների մուտքի վճարները

Եվրոպական հանձնաժողովը առաջարկել է Եվրամիություն առանց վիզայի մուտքի վճարը 7 եվրոյից բարձրացնել մինչև 20 եվրո: 


Առանց վիզայի մուտքը հասանելի կլինի 2026 թվականի վերջին եռամսյակից՝ Եվրոպական ճանապարհորդական տեղեկատվության և լիազորման համակարգի (ETIAS) միջոցով՝ 30 եվրոպական երկրներում, մասնավորապես՝ ԵՄ բոլոր անդամ պետություններում, բացառությամբ Իռլանդիայի, ինչպես նաև Իսլանդիայում, Նորվեգիայում, Լիխտենշտեյնում և Շվեյցարիայում:


ETIAS թույլտվությունը պահանջվում է կարճաժամկետ՝ մինչև 90 օր մնալու համար այդ երկրներում առանց վիզայի մուտքի իրավունք ունեցող պետությունների, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Կանադան, Բրազիլիան և Ավստրալիան, քաղաքացիների համար:


ETIAS վճարներից ստացված միջոցները կփոխանցվեն ԵՄ բյուջե:


Առանց վիզայի մուտքի վճարը ներկայումս դիմորդների համար կազմում է 7 եվրո: Բացառություն է արվում դիմումի ներկայացման պահին 18 տարեկանից փոքր կամ 70 տարեկանից բարձր անձանց համար: Սակայն Եվրոպական հանձնաժողովն այժմ ձգտում է գրեթե եռապատկել վճարը՝ բյուջեի համար ավելի շատ գումար հավաքելու համար: Առաջարկը ԵՄ-ի 2028-34 թվականների յոթամյա բյուջեի մի մասն է։ Բյուջեն նախատեսում է այսպես կոչված սեփական ռեսուրսներից կամ ԵՄ մակարդակով հավաքագրված հարկերից եկամուտների զգալի աճ։

Քաղաքականություն